Կարևոր իրադարձություններ

Տարիքն ընդամենը թիվ է, կարևորը տրամադրությունն է և ապրելու, ստեղծագործելու ցանկությունը. Զարուհի Բաթոյան

01 Հոկտեմբեր, 2019 15:29
Տարիքն ընդամենը թիվ է, կարևորը տրամադրությունն է և ապրելու, ստեղծագործելու ցանկությունը. Զարուհի Բաթոյան

«Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի անկողնային հիվանդների խնամքն իրականացնող հարկաբաժինն այլևս վերանորոգված է և պատրաստ սպասարկելու մինչև 35 տարեցների։ 1990-ականներից շահագործվող շինության այս հարկաբաժինը միայն այժմ է վերանորոգվել: Այստեղ խնամք է ստանում 16 տարեց։

Նշենք, որ հարկաբաժնի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու բարերարներ Բենիամին Մելքոնյանի և Անդրանիկ Վանոյանի աջակցությամբ։

Բացման արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա տուն-ինտերնատի բնակիչներին շնորհավորել է Տարեցների միջազգային օրվա առթիվ՝ կարևորելով նրանց պատշաճ և արժանապատիվ խնամքի կազմակերպման ապահովումը։

«Սիրելի՛ տատիկ-պապիկներ, բոլորդ երիտասարդ եք, որովհետև տարիքն ընդամենը թիվ է, կարևորը տրամադրությունն է և ապրելու, ստեղծագործելու ցանկությունը։ Ես հույս ունեմ, որ այստեղ բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծված են ձեր՝ լիարժեք կյանքի ու արժանապատիվ խնամքի համար։ Մենք շարունակում ենք բարելավել մեր ծրագրերը, բայց ես ուզում եմ, որ դուք շարունակեք սիրել կյանքը և վստահ լինեք, որ ձեր փորձն ու խորհուրդները մեզ համար շատ կարևոր են։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ձեր ունեցած փորձը մեզ օգնի մատուցվող ծառայություններնն ավելի լավը դարձնելու համար»,- նշել է նախարարը։

Զարուհի Բաթոյանը ողջունել է «Հայաստանում Ալցհայմերի հիվանդության խնամքը» կազմակերպության նախագահ, բժիշկ Ջեյն Մահակյանի նախաձեռնությամբ «Հիշողության ակումբի» ստեղծման գաղափարը (ակումբի բացման արարողությունը նախատեսվում է ս. թ. Հոկտեմբերի 8-ին), որը նպատակ ունի հաճելի ժամանց ապահովելուց զատ, նաև նպաստել տարեց անձանց հիշողության վերականգնմանը։

««Հիշողության ակումբը» լավ օրինակ է, որ, երբ բարերարները ցանկություն են հայտնում որևէ լավ բան անել, մենք պետք է դա ուղղենք մարդկանց կյանքի որակի փոփոխմանը։ Սննդի և հագուստի տեսանկյունից խնդիր չունենք, բայց մենք խնդիր ունենք մարդկանց ուշադրության արժանացնելու, առօրյան լցնելու, նրանց օգտակար լինելու զգացումը պահպանելու: Այս իմաստով կարևոր են նմանատիպ ծրագրերը։ Մարդիկ պետք է ակտիվ մշակութային-հասարակական կյանքով ապրեն։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բարեփոխումներն ուղղված լինեն դրան։ Բացի այդ, եթե մարդիկ ունեն խնամքի կարիք, ապա դա նույնպես պետք է արժանապատիվ կերպով ստանան»,- ասել է Զ․ Բաթոյանը։

Նշենք, որ ՀՀ բնակչության 14 տոկոսը՝ 420 000 մարդ, 63-ն անց են. նրանցից 48 000-ն աշխատում են: Հայաստանի հինգ պետական տուն-ինտերնատներում բնակվում է 1210 տարեց, որոնց խնամքը կազմակերպելու համար այս տարի հատկացվել է 2 մլրդ 148 մլն դրամ: Բացի այդ, 4900 տարեցների համար տնային խնամք է իրականացվում:

 

Լրահոս

Դիտել ավելին