Կարևոր իրադարձություններ

Աշխարհն առանց Ազնավուրի․ 1 տարի առաջ այս օրը մեծն շանսոնյեն հեռացավ կյանքից

01 Հոկտեմբեր, 2019 10:50
Աշխարհն առանց Ազնավուրի․ 1 տարի առաջ այս օրը մեծն շանսոնյեն հեռացավ կյանքից

1 տարի առաջ այս օրը 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը։ 

Մեծագույն հայի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 5-ին «Հաշմանդամների պալատում»: Ներկա էին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը, նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն հայոց կաթողիկոսը: 

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը արարողության ժամանակ հանդես էր եկել ելույթով․

«Շառլ Ազնավուրը կուզենար ապրել մեկ դար: Նա իրեն դա խոստացել էր: Նա մեզ դա խոստացել էր որպես կյանքին նետված վերջին մարտահրավեր:

 Տարիքը նրան երբեք չէր զրկել ապրելու, արարելու, երգելու, սիրելու, ծիծաղելու այդ անհագ ձգտումից, բայց, սահմանագծից ոչ հեռու, մահը եկավ նրան անաղմուկ ընդունելու: Եվ մենք անակնկալի եկանք: Եվ մենք տխրեցինք, քանզի մենք սովոր չէինք այն բանին, որ նրա առասպելական կամքը կարող է չիրականանալ:

 Այդ անսպասելի դատարկությունը նշմարելի է դարձնում մինչ այդ մութ մնացած մի ակներեւություն. գրեթե մեկ դար շարունակ նա էր մեզ ապրեցնում: Մեր թաքուն փխրունություններին, մեր հեղհեղուկ հույզերին, մեր թախիծներին եւ մեր հույսերին, նա մեկնեց այդ մխիթարիչ հայելին, որը շատ ու շատ տասնամյակների ընթացքում մեր կյանքը դարձրեց ավելի քաղցր, մեր արցունքները պակաս դառը, մեր ուրախությունները` ավելի թեթեւ:

 Նրա երգերը երբեք չեղան ամռան մեղեդիներ, որոնք զվարճացնում եւ մոռացվում են. միլիոնավոր մարդկանց համար դրանք եղան բալասան, սպեղանի, նեցուկ: Նա ուղեկից է, որ լքում է մեզ, եղբայրական պատմողը, որ երգում էր մարդկային հոգու մակարդակով վերցնելով սովորական վշտերի, ամենօրյա կորուստների եւ անցնող ժամանակի իր բաժինը: Անցնող ժամանակի մասին նա խոսում էր առանձնահատուկ ուժգնությամբ. մենք զգում էինք, որ այն գալիս է հեռվից, ոչ թե պարզապես տխրությունից, այլ տարագրության փորձառությունից:

 Ասում են, թե տարագրության տարիները կրկնակի են հաշվում. Ազնավուրի մոտ ցավը եւ հույսը կրկնակի էին հաշվվում: Դա ֆրանսիացիները բավական շուտ նկատեցին, թեեւ իրենք չէին ունեցել կորուսյալ դրախտի փորձը:

 Տարիներ շարունակ, նրա ներկայությունը, այդ ձայնը, այդ ճանաչելի առոգանությունը հաստատվեցին մեր կյանքում եւ աննկատելի կերպով մեզ միավորեցինՙ անկախ մեր կարգավիճակից եւ անկախ մեր տարիքից: Ստեղծվեց ընդհանուր թրթիռ, եւ Շառլ Ազնավուրը բնական կերպով, միաձայնորեն դարձավ Ֆրանսիայի դեմքերից մեկը»:

Իր խոսքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ափսոսանքով նշեց, որ չհասցրեց անձամբ ծանոթանալ Շառլ Ազնավուրի հետ, ով ընդամենը օրեր անց Ֆրանսիայի նախագահի հետ պիտի գար Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:

«Ուզում եմ հավաստիացնել, որ անմնացորդ նվիրված եմ այն գործին, որ նոր Հայաստանը պիտի դարձնի այնպիսին, ինչի մասին Դուք երազում էիք: Ազատ և Երջանիկ Հայաստանն իսկապես արժանի գնահատանքը կլինի Հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ Ձեր ունեցած անուրանալի վաստակի: Խոնարհվում եմ Ձեր առաջ` մեծ ֆրանսիացի, մեծ հայ, մեծ արվեստագետ, մեծ հումանիստ: Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Վարպետ», - իր խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Արտիստի հուղարկավորությունը տեղի ունեցավ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին: Նա հանգչում է Մոնֆոր Լամորի համայնքի 12-րդ դարի վանքի տարածքում գտնվող ընտանեկան դամբարանում:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին