Կարևոր իրադարձություններ

Գյումրի են ժամանում նաև սեփական ինքնաթիռներով․ ի՞նչ է կատարվում նախատոնական քաղաքում. Aravot.am

20 Սեպտեմբեր, 2019 21:54
Գյումրի են ժամանում նաև սեփական ինքնաթիռներով․ ի՞նչ է կատարվում նախատոնական քաղաքում. Aravot.am

Aravot.am-ը գրում է. Գյումրին գրեթե պատրաստ է Հայաստանի Հանրապետության 28-ամյակը տոնելու․ քաղաքի կենտրոնական բոլոր փողոցները զարդարվել են Հայոց եռագույնով, տարբեր հատվածներում տեղադրվել են բեմեր, որտեղ նախատեսվում են համերգներ երաժշտական տարբեր ժանրերի սիրահարների համար։ Նույնիսկ զարդարել են Շիրազի անվան պատմական փողոցում գտնվող Գյումրի ռեստորանի շենքը, որի պատուհանները կիսաքանդ են․ դրանք ծածկել են գունեղ նկարներով, հարուստ տեղեկատվություն հրապարակել պատմական այդ կառույցի մասին։

Քաղաքն արդեն հյուրընկալել է մեծ թվով զբոսաշրջիկների, հատկապես արտերկրյա, նրանք մեծ հետաքրքրությամբ շրջում , լուսանկարում էին Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքները՝ բեմի տեղադրում, համերգների փորձարկում։ Մի խոսքով, քաղաքում եռուզեռ է․ նկատելի է նախատոնական տրամադրությունը։

Միակ խնդիրը, թերևս, այն է, որ Գյումրու հյուրանոցներում, հյուրատներում գրեթե ազատ տեղեր չկան, չկան նաև գիշերակացի համար տրվող ազատ բնակարաններ։ Բանը հասել է նրան, որ հյուրերը համաձայն են տուն վարձակալել մոտակա գյուղերում։

Պատմական Շիրազի փողոցի վրա գտնվող «Արաքս» հյուրանոցի տնօրեն Վարդան Սրտաշյանը, որը մի քանի տարի է գործունեություն է ծավալում տուրիզմի ոլորտում, մեզ հետ զրույցում ասաց, որ այս օրերին հյուրանոցի տեղերը բավական արագ են սպառվել ու բավական թանկ գներով:

«Առաջարկվող թանկ գինն անգամ չի խանգարում, որ մարդիկ արագ վարձակալեն, այսինքն՝ այստեղ պահանջարկն առաջարկից էն կարգ է շատ, որ գները հասել են աստղաբաշխական մակարդակի։ Նույնիսկ դեպքեր եղան մեր քաղաքում անբարեխիղճ գիշերակաց ապահովողների կողմից, ովքեր չէին կռահել, թե ամսի 21-ին այդ կարգի պահանջարկ է լինելու ու նախօրոք արված ամրագրումները, թեկուզ էլեկտրոնային կամ նախօրոք վճարված, չեղարկեցին ու նույն համարները, տները տվեցին ավելի թանկ գներով։ Գումար աշխատելու մոլուցքն, իհարկե, ազդում է քաղաքի իմիջի վա․ եթե մարդը նախապես պատվիրում է, հետո զանգում ու ասում են՝ չէ, դա վատ տպավորություն է ստեղծում։

Զանգեր շատ են եղել, բայց ես չեմ կիսում կարծիքը, թե Գյումրիում տուրիստական բում է, քնելու տեղ չկա։ Այսքան տարի զբաղվում եմ այս գործով, բայց չեմ հիշում , որ երբևէ լիներ նման դեպք, նման օր․ սխալ կլինի, եթե այս դեպքով ոգևորված ասեմ, որ Գյումրիում պետք են նորանոր հյուրանոցներ, գիշերակացի վայրեր։ Իհարկե, զարգացումը կա, բայց մի օրվա համար Գյումրիում հյուրանոցներ կառուցելը, իհարկե, ճիշտ չէ, բայց եթե նմանատիպ օրերը դառնան հաճախակի, Գյումրին նմանատիպ հյուրեր դիմավորի ասենք ամիսը մեկ անգամ, իհարկե, կարելի է արդեն մտածել։

Սեպտեմբերի 21-ից հետո հյուրերը կգնան, կսկսվի ջեռուցման սեզոնը, շատերը փաստի առաջ կկանգնեն, որոնք նոր են սկսվել զբաղվել այդ գործով , կմտածեն ո՞նց խնայեն ջեռուցումը․ միգուցե ձմեռը փակե՞ն, գարունը նորից բացե՞ն։ Այսինքն` պետք է համալիր մոտեցում պետության կողմից, որպեսզի ողջ տարվա ընթացքում լավ լինի։

Ամառային շրջանում պետության կողմից կազմակերպվող տոնակատարությունները կարելի է տեղափոխել ձմեռային շրջան, ծանր շրջան, որի ընթացքում մարդիկ ուղղակի գումար են հայթայթում հյուրանոցի ծախսերը հանելու համար։ Այստեղ ևս խնդիր ունենք պետական մոտեցման, աջակցման»,- ասում է Վարդան Սրտաշյանը։

 

Մեր զրուցակիցը կոնկրետ Անկախության տոնի հետ կապված ասաց, որ իրեն դիմելով ու մերժում ստանալով, քանի որ այլևս ազատ տեղեր չկան, մարդիկ խնդրում են իրենց գիշերակացի համար տներ գտնել շրջակա գյուղերից որևէ մեկում՝ Մարմարաշենում, Վահրամաբերդում, Կապսում․․․

«Ես խորհուրդ եմ տվել ժամանակ չկորցնել ու փորձել գտնել ծանոթ-բարեկամ, որի տանը կարելի է մի օր անցկացնել․ չէ՞ որ գյումրեցիները բավական հյուրասեր են»,- ասում Վարդան Սրտաշյանը։

Նա ասաց, որ իրեն այս մի քանի ժամվա ընթացքում հաճախակի են զանգահարում բարձրաստիճան պաշտոնյաներ ու խնդրում մի ճար անել, գոնե մի ազատ սենյակ ճարել։

«Բարձրաստիճան պաշտոնյաներից շատերն են զանգել ու մեժում ստացել, մեզ համար բացարձակապես կապ չունի մեր հյուրը բարձրաստիճան պաշտոնյա՞ է, թե՞ հասարակ քաղաքացի, եթե մարդը մեզ վստահել է, սենյակ է ամրագրել, ո՞նց կարող են մարդուն թողնել դուրս, ասենք՝ գիտեք ինչ ձեր փոխարեն նախարար է գալիս կամ այլ պաշտոնյա։ Դա մեզ համար բացարձակ կապ չունի․ հյուրը մնում է հյուր, մեզ համար բոլորը նույն հարթության վրա են։

Booking-ում 10 հյուրանոցային համար տեղադրելուց մեկ ժամվա ընթացքում բոլոր արդեն զբաղված էին, տարբեր սոցիալական ցանցերում ու տարբեր հարթակներում հատուկ շեշտել էինք, որ ամսի 21-ի համար տեղ չունենք, բայց մարդիկ փորձ էին անում, զանգում էին։ Մեր բջջային հեռախոսները օրվա մեջ առնվազն երեք անգամ լիցքավորում էինք, որ կարողանայինք հեռախոսազանգերին պատասխանել, մարդկանց մերժել ու խորհուրդ տալ, թե ինչ անեն։

Օրինակ՝ այսօր զանգել էին ու խնդրում էին մի սենյակ այն մարդկանց համար, ովքեր «Շիրակ» օդանավակայան իջել էին իրենց սեփական ինքնաթիռով, նրանք ամսի 20-ի համար տեղ ունեին, ուզում էին ամրագրել ամսի 21-ի համար։ Խոսքն այնպիսի լուրջ մարդկանց մասին է, որոնց աշխարհի ցանկացած վայրում գտնվող հյուրանոցներում ուրախ են եղել սպասարկելը»։

 

Լրահոս

Դիտել ավելին