Կարևոր իրադարձություններ

«Նաիրիտ»-ը պետությանը պարտք է 10 մլրդ դրամ, «Արմավիա»-ն՝ 37 մլրդ դրամ․ Դավիթ Անանյան

20 Սեպտեմբեր, 2019 14:01
«Նաիրիտ»-ը պետությանը պարտք է 10 մլրդ դրամ, «Արմավիա»-ն՝ 37 մլրդ դրամ․ Դավիթ Անանյան

«Նաիրիտ» գործարանն ու «Արմավիա» ընկերությունը պետության նկատմամբ ունեն մոտ 47 մլրդ դրամ հարկային չմարած պարտավորություն: Այս մասին ԱԺ-ում՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ նախագծով նախատեսվում է 56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսավարողներին: Նա հետաքրքրվեց, թե այդ տնտեսավարողներից քանիսն ու որքան պարտք (սահմանված ժամկետում չկատարված հարկի (կամ հաստատագրված վճարի) վճարման գումար) ունեն ՊԵԿ-ին:

«Ժամկետնանց պարտքերը, որոնք ակնկալվում է, որ կվերադարձվեն, 1.4 մլրդ դրամ են կազմում: Իրականում կա նաեւ մոտ 47 մլրդ պարտավորություն, որը պատկանում է երկու տնտեսավարողների, որոնք սնանկության վարույթում են: Մեկը «Նաիրիտ» գործարանն է, մյուսը՝ «Արմավիա» ընկերությունը: Այն ավելի քան 50 մլրդ-ը, որ նախատեսում ենք վերադարձնել հարկ վճարողներին, այս երկու խոշոր ընկերությունները չեն ստանա, նրանք հաշվի չեն առնվում։ 56 մլրդ-ից շուրջ 5,3 մլրդ պատկանում է սնանկության վարույթում գտնվող 181 կազմակերպության»,-ասաց Անանյանը՝ ընդգծելով, որ 10 մլրդ դրամ պարտք է «Նաիրիտ»-ը, 37 մլրդ դրամ՝ «Արմավիա»-ն:

Անանյանը շեշտեց՝ նախատեսում են շուրջ 50 մլրդ դրամ վերադարձնել՝ ակնկալելով, որ 1.4 մլրդ հարկեր վճարելու տեսքով հետ է գալու պետությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին