Կարևոր իրադարձություններ

«Կարևոր իրադարձություն է եղել, կարծում եմ՝ վարչապետը վերջում կմիանա». Վարչապետի խոսնակը՝ Ջհանգիրյանին արդարացնելու մասին

19 Սեպտեմբեր, 2019 14:53
«Կարևոր իրադարձություն է եղել, կարծում եմ՝ վարչապետը վերջում կմիանա». Վարչապետի խոսնակը՝ Ջհանգիրյանին արդարացնելու մասին

«Մենք շատ վճռական քայլեր ենք անում դեպի իրավական պետություն։ Կարծում եմ՝ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, և այդ արդարացումը պետք է շարունակաբար լինի։ Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ շատ անարդար են վարվել թե՛ նախկին իշխանությունները, սա դեռ մեղմ եմ ասում, թե՛ կից գործող դատական համակարգը։ Կարծում եմ՝ սա շատ լավ օրինակ կարող է հանդիսանալ այն մարդկանց, նախկին պաշտոնյաների համար, որոնք նախանձախնդիր են և պայքարելու են իրենց իրավունքները վերականգնելու համար»,- այս մասին Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջանգիրյանին արդարացնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս դիմի դատարան՝ իր գործը վերանայելու պահանջով։

Նրա խոսքով՝ այս հարցում վարչապետը շատ «հետ քաշված է» և սպասում է, որ այլ օրինակներ լինեն, որպեսզի որևէ ճնշում ու առաջնայնություն չդիտարկվի նաև այլ մարդկանց համար։

«Ինքը վերջում կմիանա, կամ ինչ-որ փուլից կմիանա։ Կարծում եմ՝ արդարացումներն անպայման պետք է լինեն, սա իմ խորին համոզմունքն է, դուք մտածում եք՝ Ջհանգիրյանին ճի՞շտ են դատել»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ երեկ Վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի բողոքը, որով նա պահանջել էր բեկանել տարիներ առաջ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել։

Ըստ դատավճռի՝ Ջհանգիրյանը 2008թ. ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության վարչական շենք մտնելու պահին չենթարկվելով ոստիկանության աշխատակիցներին՝ ձեռքով հարվածել էր վարչության աշխատակցին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, նաև պատռել մեկ այլ աշխատակցի համազգեստը:

Սա այս գործով երկրորդ վճռաբեկ բողոքն է, որը ներկայացվել էր Ջհանգիրյանի կողմից։ Առաջին անգամ այն վերին դատական ատյան բողոքարկվել էր նույն 2009 թվականին, սակայն այն ժամանակ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չէր ընդունել ու վերադարձրել էր։

 

Լրահոս

Դիտել ավելին