Կարևոր իրադարձություններ

Հայկական ԱԷԿ-ը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը․ Վլադիմիր Բրեդով

19 Սեպտեմբեր, 2019 12:49
Հայկական ԱԷԿ-ը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը․ Վլադիմիր Բրեդով

Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային համակարգը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը։ Այդ մասին, ռուսաստանյան փորձագիտական կազմակերպությունների եզրակացություններին հղում անելով, ասել է հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսաստանյան կողմի ղեկավար Վլադիմիր Բրեդովը՝ մեկնաբանելով հայկական ԱԷԿ-ի պլանային-նախազգուշական նորոգումից հետո երկրի էներգահամակարգին միանալու մասին տեղեկությունը։

 

Բրեդովի խոսքով՝ եզրակացությունն ստացվել է շահագործման հսկողության և անհրաժեշտ ինժեներական հաշվարկների արդյունքում։ Ռեակտորային համակարգին զուգահեռ հետազոտվել են մոտ 5 հազար միավոր սարքավորումներ, որոնց մասով կամ հաստատվել է մինչև 2026 թվականը շահագործելու հնարավորությունը, կամ էլ առաջարկվել է դրանք փոխարինել նորերով։

«Այսօր ամբողջությամբ փոխված են մեքենայացված սրահի սարքավորումները, ինչը թույլ է տվել նույն ծախսերով մինչև 15% ավելացնել էներգիայի գեներացումը։ Աշխատանքները շարունակվում են, և կարելի է ասել, որ նախագծի արդյունքում Հայաստանը կունենա նորագույն սարքավորումներով հագեցած ու անվտանգության համաշխարհային չափանիշներին համապատասխանող ԱԷԿ։ Այդ ամենը հնարավոր կդառնա հայ և ռուսաստանցի միջուկային մասնագետների ներդաշնակ աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի արդյունքում միայն»,-հավելեց Վլադիմիր Բրեդովը։

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը նշեց, որ պլանային-նախազգուշական նորոգումից հետո, շնորհիվ հայ և ռուս մասնագետների պրոֆեսիոնալ աշխատանքի, հայկական ԱԷԿ-ը երկրի էներգահամակարգին է միացել նախատեսված ժամկետից 60 ժամ առաջ։ «Հայկական ԷԱԿ-ը ՀՀ-ի համար ռազմավարական նշանակության օբյեկտ է, այսօր կայանում արտադրվում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան 1/3-ը։ Երկրի բնակչությանն ընդունելի սակագնով էլեկտրաէներգիայի ապահովումը մեզ համար էներգետիկ և տնտեսական անվտանգության հարց է»,-նշեց Հակոբ Վարդանյանը։

Հիշեցնենք, որ հայկական ԱԷԿ-ը երկրի էներգահամակարգին է միացվել 2019 թվականի սեպտեմբերի 8-ին։ Այսօր հայկական ԱԷԿ-ը միակն է տարածաշրջանում և գտնվում է Մեծամոր քաղաքի մերձակայքում։ Կայանի աշխատանքը ապահովում է Հայաստանի բնակչությանն ու ձեռնարկություններին անխափան էլեկտրամատակարարումը։

 
 

Լրահոս

Դիտել ավելին