Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    526
    534

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել

18 Սեպտեմբեր, 2019 13:45
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ նախկին ոստիկանապետ, Ռազմական ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրների մոտ աշխատող անձանց ՌՈ ծառայողների պաշտոնից չազատելու ու վարձատրելու համար։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն Գասպարյանը, հանդիսանալով պետ (հրամանատար) և պաշտոնատար անձ՝ 1997թ. հունիսից 2010 թվականի հոկտեմբերը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /03.02.2007թ.-ից` ռազմական ոստիկանություն/ վարչության պետի, այնուհետև՝մինչև 2011թ. նոյեմբերը՝ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ լինելով, որ ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ, համապատասխանաբար, 2001, 2004, և 2009թթ.-ից, նշված զորամասում հրամանագրված լինելով որպես ռազմական ոստիկան, նշանակման օրվանից չեն ներկայանում զինծառայության, այլ դրա փոխարեն կատարում են այլ աշխատանք , այն է՝ նրանցից մեկը աշխատել է որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, նշված անձանց բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ:

Ավելին՝ Վ. Գասպարյանը ցուցում է տվել ենթակա զինծառայողին՝ համապատասխան իրավական ընթացք չտալ այդ հանգամանքներին: Բացի այդ՝Վլադիմիր Գասպարյանը, 2010 թվականի դեկտեմբերի 3-ին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, 5 տարի ժամկետով երկարաձգել է նշված ծառայողներից մեկի զինծառայության ժամկետը:

Նշված զինծառայողները, չկատարելով իրենց բուն գործառույթները և չհաճախելով զորամաս, չեն ազատվել զբաղեցրած պաշտոններից, ինչի հետևանքով նրանց ՀՀ պետական բյուջեից անհիմն վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ՝պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝Վ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հաշվի առնելով, որ Վլադիմիր Գասպարյանին մեղսագրվում է նաև ՀՀ ՊՆ փոխնախարարի կարգավիճակում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կատարված հանցավոր արարքի կատարում, քրեական գործը նախատեսվում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախաքննության իրականացումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու հարցը քննարկելու համար:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին