Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն ընդդեմ նախկինների. հաշիվն այսօր 10:3 է՝ հօգուտ Փաշինյանի. Կարեն Անդրեասյան

14 Սեպտեմբեր, 2019 20:17
Հեղինակ՝ Կարեն Անդրեասյան
Փաշինյանն ընդդեմ նախկինների. հաշիվն այսօր 10:3 է՝ հօգուտ Փաշինյանի. Կարեն Անդրեասյան

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Փաշինյանն ընդդեմ նախկինների. հաշիվն այսօր 10:3 է՝ հօգուտ Փաշինյանի: 

1. Նիկոլ Փաշինյանը հաղթում է Մարտի 1-ի դատավարությունում, սակայն այս մրցապայքարում նա մի միավոր կորցրեց Սահմանադրական դատարանում, և հաշիվը դարձավ 1:1 (սեպտեմբերի 17-ին պարզ կդառնա, թե ով է վերջնական հաղթողը): 
2. Կոռուպցիոն գործեր բացահայտելու և ամբողջ նախկին թալանչի համակարգը աստիճանաբար ծնկի բերելու գործում Փաշինյանի թիմը միանշանակ հաղթող դուրս եկավ՝ հատկապես այն բանից հետո, երբ դատարանները դադարեցրին իրենց համատարած սաբոտաժը կոռուպցիայի դեմ պայքարին (հաշիվը՝ 2:1):
3. Փաշինյանը հաղթում է նաև Արցախի հարցում, որտեղ առանց ավելորդ զիջողականության կարողացավ թուլացնել սահմանային լարվածությունը, գրեթե զրոյացնել հակառակորդի կրակից զոհերը, ինչպես նաև առաջ տանել հայկական դիրքերը շփման գծում (հաշիվը՝ 3:1):
4. Փաշինյանին ծանր հարված հասցրին Ամուլսարով, քանի որ նրա իշխանության գրպանը գցել էին այնպիսի ցավալի ժառանգություն, որ Փաշինյանին դեռ բավական ժամանակ է պետք, որպեսզի չվնասի երկրի ներդրումային իմիջին և աշխարհաքաղաքական կարևոր հարաբերություններին, բայց նաև փրկի հայրենի բնությունը նախկին սխալներից (հաշիվը՝ 3:2):
5. Նոր իշխանության օգտին հաղթական մեծ միավոր է բերում Վարչապետի հաջողությունը երկրի ժողովրդավարացման գործում, ինչի ամենադրական օրինակներից է Հայաստանում և Արցախում բացառիկ ազատ ու օրինական ընտրությունների անցկացումը (հաշիվը՝ 4:2):
6. Փաշինյանի յուրահատուկ հաղթանակներից է այն, որ նա հադուրժում է այդքան քանակի թշնամական լրատվամիջոցների և, ի հեճուկս դրանց, պահպանում է իր բարձր վարկանիշը (հաշիվը՝ 5:2):
7. Ռուսաստանի հետ հարաբերվելու հարցում էլ Փաշինյանը հաղթում է նախկինների թողած կարծրատիպը: Հայաստանն այժմ ունի բավական սուվերեն ու արժանապատիվ, բայց և գործընկերային կեցվածք Ռուսաստանի հետ (հաշիվը՝ 6:2):
8. Մի շատ կարևոր հարցում հեղափոխական կառավարությունը դեռևս պարտություն է գրանցում: Նախկին թալանը վերադարձնելու գերնպատակով տարված լինելով` այն մերթընդմերթ ստիպված է լինում տնտեսական բացասական ազդակներ տալ գործարար համայնքին և կարող է շատ վնասել տնտեսական ակտիվությանը: «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ներկայիս խմբագրությունը, բանկային գաղտնիքի հետ կապված նոր իրավակարգավորումները, ինչպես նաև անշարժ գույքի հարկման գործընթացները պետք են, բայց միայն ու միայն մի շարք էական փոփոխություններով, որոնց պարագայում հնարավոր կլինի ոչ միայն ժողովրդին վերադարձնել թալանվածը, բայց նաև չվնասել արդար բիզնեսին, ինչպես նաև ապագայում չպարտվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (հաշիվը՝ 6:3):
9. Հայաստանի ճանապարհներն աննախադեպ ծավալներով վերանորոգվում և բարելավվում են` ապացուցելով, որ նախկինում էլ փող կար, բայց այլ տեղ էին լցվում ասֆալտի այդ փողերը (հաշիվը՝ 7:3):
10. Առողջապահության ոլորտի ապակոռումպացումը և բազմաթիվ անվճար ծառայությունների ավելացումը ևս մի շոշափելի ու ժողովրդին ուրախացնող հաղթանակ է նախկինների նկատմամբ (հաշիվը՝ 8:3):
11. Օլիգարխիայի սանձումը և բոլորի համահավասարեցումն օրենքի ու իշխանության առաջ, ինչպես նաև Փաշինյանի ու նրա մերձավոր շրջապատի չկոռումպացվելն ու առայժմ պահպանված մաքուր հեղինակությունը նորերի մեկ այլ կարևոր հաղթաթուղթն է նախկինների նկատմամբ(հաշիվը՝ 9:3):
12. Ֆուտբոլային աննախադեպ հաղթանակներն ու ազգային ոգևորությունն այս ցանկի վերջին ու կարևոր վերջակետ դնող հաղթանակներից է(հաշիվն այսպիսով դառնում է 10:3): 

Սպասենք թեժ մարտերի շարունակությանը՝ հնի ու նորի մրցապայքարում արձանագրելով նոր դրական արդյունքներ հանրության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին