Կարևոր իրադարձություններ

Բենզա-գազալցականները կստուգվեն առանց ծանուցման, որ չհասցնեն կարգավորումները փոխել․ նախագիծ

13 Սեպտեմբեր, 2019 17:50
Բենզա-գազալցականները կստուգվեն առանց ծանուցման, որ չհասցնեն կարգավորումները փոխել․ նախագիծ

Բենզալցակայաններում, գազալցակայաններում և այլ նմանատիպ կառույցներում չափագիտական ստուգումներ անցկացնելիս տեսչական խմբերն այլևս պարտավոր չեն լինի 3 օր առաջ ծանուցումներ ուղարկել տնտեսվարողներին։ Սրա վերաբերյալ այսօր նախագիծ է ներկայացվել Ազգային ժողով։

Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը հայտնեց, որ փոփոխությունն անում են տեխնոլոգիաների զարգացման պայմաններում հնարավոր չարաշահումներից խուսափելու համար։ Փոխնախարարը բացատրեց, որ բենզալցակայաններում, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ հնարավոր է ընդամենը րոպեների ընթացքում փոխել կարգավորումները։

Արդյունքում, ինչպես ներկայացրեց փոխնախարարը, եթե ստուգողները 3 օր առաջ տեղեկացնեն տնտեսվարողին, ապա նա կարող է ամեն ինչ ժամանակավորապես կարգի բերել, մինչև որ ստուգումներն անցնեն, իսկ դրանից հետո վերադառնալ սխալ չափումներով աշխատանքի։

«Նույնիսկ պրակտիկայում տեղի է ունեցել դեպք, երբ տվյալ տնտեսվարող սուբյեկտը, իմանալով, որ իր մոտ ստուգման են գալու, 10 լիտր բենզինի փոխարեն լցրել է 11 լիտր»,- պատմեց փոխնախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին