Կարևոր իրադարձություններ

Քլոյանի հայրը դիմել է Քոչարյանին

12 Սեպտեմբեր, 2019 19:25
Քլոյանի հայրը դիմել է Քոչարյանին

Հարգելի դատարան, ես՝ որպես 2008 թվականի ցույցերի մասնակից, ամեն ինչ իմ աչքով տեսել եմ, ամե՛ն ինչ։ Այս մասին այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ ասաց մարտիմեկյան դեպքերի ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը․

«Մի անգամ Վերաքննիչ դատարանում ասել եմ, որ Մարտի 1-ի երեկոյան ժամը ինը հավասարեցնում եմ 1941 թվականին բրեստի գրավմանը։ Չեք պատկերացնի՝ վերեւից կրակած փամփուշտները, դիպուկահարները, չերյոմուխաները, հատուկ միջոցները կիրառել են ժողովրդի դեմ։ Այդ ժամանակ ասում էին՝ ցուցարարները կարկում են զինվորների վրա»,- պատմեց Քլոյանը։

Նա նաեւ հիշեց, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բազմիցս ասել է, թե Մարտի 1-ի էջը փակված է, էլ անունը չտաք․

«Դա ի՞նչ է նշանակում»,- հարց հնչեցրեց տուժողի իրավահաջորդը, եւ ինքն էլ պատասխանեց․ «Ծածկադմփոց»։

Քլոյանի խոսքով՝ ավագ քննիչ Վահագն Հարությունյանն իր լավ ծառայության համար ստացավ գեներալ-մայորի կոչում, ինքն էլ անձամբ բազմիցս եղել է Հարությունյանի մոտ, եւ վերջինս իրեն ասել է՝ «էս գործը չի՛ բացահայտվելու»։

Սարգիս Քլոյանի պնդմամբ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներից շատերը, որոնց անունները ինքը նաեւ կարող է հնչեցնել, իրեն ասել են, թե՝ պարոն Քլոյան, էս իշխանության օրոք Մարտի 1-ը չի բացահայտվելու․

«Տասը տարի գիշեր-ցերեկ ասել ենք՝ ՀՔԾ, դատախազություն, բացահայտե՛ք, հինգ անգամ եղել եմ ՀՔԾ-ում, հինգ անգամ էլ նոր քննիչներ են ի հայտ եկել։ Ասում եմ՝ բա ինչ եղան էն քննիչները, ես արդեն գրավոր գրել եմ՝ որտեղ են գնդակահարել իմ տղային, անուն-ազգանունով, հասցեով, մահվան տեղով, անտեսվել է այդ ամենը»։

Վերջացնելով խոսքը՝ Սարգիս Քլոյանը դիմեց Ռոբերտ Քոչարյանին․

«Մեղադրյա՛լ Քոչարյան, դու ասել ես՝ ես տղամարդ եմ, իհարկե, տղամարդ ես, տղամարդկություն ունեցիր եւ քո խստագույն պատիժը կրիր․․․»։

Հիշեցնենք՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ամբաստանյալի կարգավիճակով առաջին անգամ դատարանում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։

Դատական նիստին մասնակցում են նաեւ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, տուժողները: Մեղադրող դատախազներից ներկա են Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը եւ գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրակաանցնող դատախազ Պետրոս Պետրոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին