Կարևոր իրադարձություններ

Մենք կիսապայքար չենք անելու, պետք է ստեղծենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ. վարչապետ

12 Սեպտեմբեր, 2019 12:43
Մենք կիսապայքար չենք անելու, պետք է ստեղծենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ կրկին ընդգծեց՝ կառավարության քաղաքական եզրակացությունն է՝ կա՛մ պայքարում են կոռուպցիայի դեմ, կա՛մ չեն պայքարում, քանի որ կիսապայքարն ընդունելի չէ:

«Այս ընթացքում մենք ունեցել ենք դեպք, երբ իմացել ենք, որ «X» բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա փեսան ապօրինի ձեւով ձեռք բերված գույքը վաճառքի են հանել, այդ գույքը ֆորմալ ձեւակերպված է այլ մարդու անունով, նրա հետ կապված իրավական պրետենզիաներ չկան: Գույքը վաճառվել է, իմացել ենք, որ վաճառվելու է, գումարը հանվելու է դուրս, իմացել ենք, որ՝ այ, հիմա այդ բանը տեղի է ունենում, բայց այնպիսի սահմանափակումներ են եղել օրենսդրությամբ, որ կա՛մ պիտի շատ ապօրինի միջամտություններ անեինք, որի բացատրությունը իրավական առումով դժվար կլիներ տալ, կա՛մ լուռ հետեւեինք՝ ոնց են թալանվածը թաքցնում: Մենք կիսապայքար չենք անելու, պետք է ստեղծենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որ կասկած չլինի ՀՀ ժողովրդի եւ կառավարության՝ այս առումով ունեցած մտադրությունների վերաբերյալ»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ սա մեր ամենակարեւոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկն է, որ ոչ թե անում են՝ «ոտքի վրա», «ափալ-թափալ», այլ մի տարի շարունակ բոլոր հնարավոր ձեւերով քննարկել են, քաղաքական որոշումը կայացրել են եւ պետք է դե յուրե արձանագրեն, այս խնդիրը պետք է լուծվի եւ լուծվի հիմա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց, եթե այդ գործարքն անկանխիկ՝ բանկային եղանակով է կատարվել, բացահայտվում է, իսկ եթե կանխիկ եղանակով է արվել, ի՞նչ լուծում են տալիս:

Արձագանքելով փոխվարչապետին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իմ ասած դեպքը եթե բացահայտեինք, դրան պարզ բացահայտում կա. պետավտոտեսուչը կանգնեցնում է այն ֆուռը, որ տեղափոխվում է, եւ այդպես բացահայտվում է»:  Ապա կատակելով՝ վարչապետն ասաց, թե պետք է ՃՈ-ին հակակոռուպցիոն գործառույթներ տալ:

«Նման լուծում պետք չի»,- նշեց Գրիգորյանը:

Վարչապետը պատասխանեց. «Հումոր եմ անում»:

Փաշինյանի խոսքով՝ պիտի հարցը լուծեն. «Եթե օրենքով իրավասու ենք գնալ, «դոշակի տակ պահած» փողը գտնել, պետք է համարժեք իրավասություն ունենանք նաեւ հաշվեհամարին պահած փողը գտնելու: Եթե մեկը պատուհանից թռնում ա ու փողը հետը տանում ա, մենք իրավունք ունենք պատուհանի տակ դնել օպերաշխատող, ով նրան կբռնի»,- ասաց նա:

Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը բացատրեց, որ իրենք ուզում են իրավապահների համար հասանելի դարձնել կասկածյալների ու մեղադրյալների հարազատների կամ կապակցված անձանց բանկային գաղտնիքները։

Գրիգորյանի խոսքով`սա անհրաժեշտ է հատկապես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում։ Սակայն, ըստ փոխնախարարի,  սա ապետք է սահմանափակվի կոնկրետ հանցագործությունների դեպքում, ոչ բոլոր հանցագործությունների դեպքում հնարավոր կլինի հասնել բանկային գաղտնիքի բացահայտման։

Նախագիծն ընդունվեց կառավարության նիստում, սակայն դեռ պետք է ընդունվի Ազգային ժողովի կողմից։

 

Լրահոս

Դիտել ավելին