Կարևոր իրադարձություններ

Զոդի կամրջի ողբերգական վթարի ահազանգից 4 րոպե անց ԱԻՆ-ը տեղում է եղել, կրակը՝ մարել 10 ր-ում. ԱԻՆ-ը պարզաբանում է

10 Սեպտեմբեր, 2019 18:35
Զոդի կամրջի ողբերգական վթարի ահազանգից 4 րոպե անց ԱԻՆ-ը տեղում է եղել, կրակը՝ մարել 10 ր-ում. ԱԻՆ-ը պարզաբանում է

Վերջին շրջանում ԶԼՄ-ներում շրջանառվում են տեղեկություններ հրշեջ փրկարարների՝ դեպքի վայր ուշ հասնելու, պատշաճ չաշխատելու, հրդեհշիջման ժամանակ օպերատիվություն չցուցաբերելու վերաբերյալ:

Տեսակետ է հնչել, որ հուլիսի 6-ին՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում, Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական դեպքի ժամանակ ԱԻՆ-ը մոտ մեկ ժամ գրեթե բան չի արել:

Այս կապակցությամբ ԱԻՆ լրատվական ծառայությունը պարզաբանում է տարածել՝ քննարկումներին վերջ դնելու համար՝ նշելով.

Թյուրիմացությունից խուսափելու համար հայտնում ենք, որ մայրաքաղաքի խցանումների եւ ԱԻՆ ունեցած տեխնիկայի պայմաններում հրշեջ փրկարարները ջանում են իրագործել նույնիսկ անհնարինը: Զոդի դժբախտ պատահարի հետ կապված տեղեկացնում ենք որ, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգը ստացվել է 15:12-ին, որից 4 րոպե անց հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ ժամանել է դեպքի վայր, ևս 9 րոպե անց հասել է երկրորդ մեքենան: Հրդեհը մեկուսացվել է 15:35-ին, մարվել՝ 15:45-ին: Հրշեջ փրկարարները գործել են բացառիկ օպերատիվությամբ՝ իրականացնելով իրենց գործառնական պարտականությունները: Ցավոք, այդուհանդերձ, հնարավոր չեղավ խուսափել զոհերից:

Չմտնելով այլ պատկան մարմինների իրավասության և պարտականության տիրույթ՝ նշենք, որ վարորդների բուժսպասարկման, մեքենաների շահագործման, տեխնիկական հսկողության, գազաբալոնների տեղակայման եւ փորձարկման, օգտագործվող վառելանյութի տեսակի հետ կապված հարցերը դուրս են ԱԻՆ գործառույթներից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարի հանձնարարությամբ, յուրաքանչյուր, հատկապես հասարակական հնչողություն ունեցող արտակարգ դեպք, մանրակրկիտ վերլուծվում է, պարզաբանվում են մանրամասները՝ հետագայում նման եւ այլ դեպքեր կանխարգելելու նպատակով: Անվանական պատասխանատվություն է սահմանվում թերացողների նկատմամբ եւ նույն կերպ խրախուսվում են աշխատանքը պատշաճ կատարած աշխատակիցները:

 

Լրահոս

Դիտել ավելին