Կարևոր իրադարձություններ

Ռուսական լրատվամիջոցները պարզել են Կրեմլի նախկին աշխատակից ամերիկյան ենթադրյալ լրտեսի ինքնությունը

10 Սեպտեմբեր, 2019 18:02
Ռուսական լրատվամիջոցները պարզել են Կրեմլի նախկին աշխատակից ամերիկյան ենթադրյալ լրտեսի ինքնությունը

Ռուսական լրատվամիջոցները պարզել են, որ ամերիկյան լրտեսը հավանաբար Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայի արտաքին քաղաքականության վարչության աշխատակից Օլեգ Սմոլենկովն էր։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հաստատել է, որ Սմոլենկովն իսկապես մինչև 2017 թվականը աշխատել է Կրեմլում, սակայն աշխատանքից հեռացվել է։ Պեսկովի խոսքով՝ Սմոլենկովին չի կարելի համարել բարձրաստիճան պաշտոնյա, և նրա պաշտոնը չէր ենթադրում շփում նախագահ Պուտինի հետ։

Երկուշաբթի երեկոյան The New York Times-ը, վկայակոչելով ամերիկյան հետախուզական աղբյուրները, հաղորդել է, որ երկու տարի առաջ Ռուսաստանից տարհանվել է ամերիկյան լրտես, ով տասնամյակներ շարունակ աշխատում էր Ռուսաստանի կառավարական օղակներում։ Ամերիկյան գործակալի անունը և նրա գտնվելու վայրը թերթը չի նշում, սակայն ռուսական լրատվամիջոցները արագ պարզել են, որ խոսքը, ամենայն հավանականությամբ,Օլեգ Սմոլենկովի մասին է։

The New York Times-ի աղբյուրի համաձայն` լրտեսը Վլադիմիր Պուտինի մտերիմ գործընկեր չէր, սակայն պարբերաբար հանդիպում էր նրա հետ: Նա աշխատում էր Ռուսաստանի իշխանական օղակներից մեկում, որտեղ կայացվում էին կառավարության կարևոր որոշումներ: Երկու տարի առաջ տարհանված գործակալը, թերթի տվյալների համաձայն, կարևոր դեր է խաղացել Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հետաքննության ժամանակ: Թերթը հայտնում է, որ այդ անձը պատմել է, թե ԱՄՆ նախագահի ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի անձնական ղեկավարությամբ, մասնավորապես՝ Պուտինի հրամանով են կոտրել Դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային հասցեն: ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը լրտեսին առաջարկել է շտապ հեռանալ Մոսկվայից դեռևս 2016-ին, քանի որ մամուլում բավականին տեղեկություն էր հայտնվել, որը թույլ էր տալիս հեշտությամբ պարզել նրա ով լինելը։ Լրտես պաշտոնյան, սակայն, հրաժարվել էր՝ ասելով, թե ընտանեկան հարցեր ունի, ինչը, իր հերթին, կասկածներ էր հարուցել ամերիկյան կողմի մոտ, որ նա կարող է լինել կրկնակի գործակալ։ 2017-ին երկրից հեռանալու երկրորդ առաջարկը, այդուհանդերձ, գաղտնի գործակալն ընդունել է:

Թերթը հերքում է CNN- ի տվյալները, թե Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) վախենում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք գաղտնի գործակալի աշխատանքի մասին տեղեկատվությունը պատահականորեն կարող է բացահայտվել: Վարչությունը վախենում էր հրապարակումներից ամերիկյան մամուլում, գրում է The New York Times-ը, հավելելով, թե լրտես պաշտոնյան Ռուսաստանը լքել է 2017 թվականին։ Թերթի տվյալներով՝ այս անձը ԱՄՆ հետախուզության ամենալուրջ աղբյուրն էր Ռուսաստանում վերջին տարիներին:

Ռուսական մամուլի համաձայն՝ Օլեգ Սմոլենկովը ընտանիքի հետ միասին 2017-ի հունիսին մեկնել էր Մոսկվայից Չեռնոգորիա՝ հանգստանալու համար, և անհետացել էր։ Ռուսական հատուկ ծառայություններին հետաքրքրել էր Սմոլենկովի այս անհետացումը, նույնիսկ քրեական գործ էր հարուցվել հնարավոր սպանության գործով՝ կասկածներ կային, որ ռուսաստանցի պաշտոնյային սպանել են։ Ռուսական աղբյուրներն այժմ հայտնում են, որ Սմոլենկովը ընտանիքի հետ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և այսօր ապրում է Վաշինգտոնի մերձակայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին