Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն որոշել է համալսարանի արհմիությունը լուծարել. «Հրապարակ»

10 Սեպտեմբեր, 2019 09:10
 ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն որոշել է համալսարանի արհմիությունը լուծարել. «Հրապարակ»

«ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանը որոշել է համալսարանի արհմիությունը լուծարել, որովհետև չի համաձայնել 30 աշխատակցի կրճատելու նրա որոշման հետ: Գևորգյանը պատրաստվում է միակողմանի խզել արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը։ «Ճգնաժամային կառավարման կոչված Գեղամ Գևորգյանը հասցրեց իր դեմ լարել ողջ համալսարանը. սա միայն անհնազանդներին իր թրի տակով անցկացնելու կռիվ չէ, նաև նյութական խնդիրներ են լուծվում` ստեղծել նոր արհմիություն և արհմիության ֆինանսական հոսքերը կառավարելի դարձնել»,- ասաց ԵՊՀ պատասխանատուներից մեկը:

Բայց չէ՞ որ Գևորգյանը ԺՊ է և նոյեմբերի 25-ին կարող է լքել ռեկտորի պաշտոնը։ «Նա մեծ հավակնություններ ունի. կարծում է, որ սորոսական Հովհաննես Հովհաննիսյանին համալսարանը չի ընդունի, ինքը կմնա միակ ֆավորիտը։

Ընդ որում՝ եթե այդպես չլինի, ունի պահեստային տարբերակ` դառնալ ԳԱԱ պրեզիդենտ․ այդ ուղղությամբ ևս աշխատում է։ Ինչ վերաբերում է արհմիության հետ կոլեկտիվ պայմանագրի խզմանը, այն միակողմանի լուծելու իրավունք ինքը չունի, ու դա օրենքի բիրտ խախտում է. պետք է ունենա բոլոր աշխատակիցներիս, դեկանների համաձայնությունը»:

Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանին հարցրինք՝ ռեկտորի պաշտոնակատարը ձեզ հետ քննարկե՞լ է պայմանագիրը լուծելու խնդիրը։ «Ո՛չ ռեկտորատի նիստում, ո՛չ կից խորհրդում հարցի մասին չի տեղեկացվել, պարզաբանում չի տրվել, պատճառների, նախադրյալների մասին որևէ բան հայտնի չէ։ Ես, ինչպեսև մնացյալները, խնդրին տեղեկացել ենք մամուլից, արհմիության նկատմամբ ցայս որևէ պրետենզիա չի եղել։ Կարծում եմ` գիտխորհրդի առաջիկա նիստին պետք է հնչեն պարզաբանումներ»:

Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն էլ է դատի տվել ԵՊՀ-ին՝ այլ աշխատանքի տեղափոխելու մասին ռեկտորի հրամանն անվավեր ճանաչելու պահանջով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին