Կարևոր իրադարձություններ

Փայլանը Թուրքիայի մեջլիսին նորից կոչ է արել հետաքննել 1955թ. սեպտեմբերի 6-7-ի կոտորածները

07 Սեպտեմբեր, 2019 18:37
Փայլանը Թուրքիայի մեջլիսին նորից կոչ է արել հետաքննել 1955թ. սեպտեմբերի 6-7-ի կոտորածները

Թուրքիայի քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսին կրկին 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը ուսումնասիրելու առաջարկ է արել։

Այդ օրերին Ստամբուլում հայերը, հույները և հրեաները ենթարկվել էին կոտորածի ու կողոպուտի: Նախորդ տարի նույնպես Փայլանը նման առաջարկ էր արել, սակայն Թուրքիայի մեջլիսի նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմըն այն ետ էր ուղարկել։ Այս մասին գրում է Ermenihaber-ը:

Այս անգամ Փայլանը նորից առաջարկել է հանձնաժողով ստեղծել, մեղավորներին պատժել և տուժած անձանց ու կառույցներին փոխհատուցում տրամադրել։

«64 տարի անցավ Թուրքիայում փոքրամասնությունների ոչնչացման պատճառ դարձած սեպտեմբերի 6-7-ին տեղի ունեցած պոգրոմներից։ Թուրքիայի մեջլիսը տեղի ունեցած պոգրոմների մեղավորներին հայտնաբերելու համար որևէ քայլ  մինչ օրս չի արել։  Այդ պոգրոմները Թուրքիայի պատմության մեջ տեղի ունեցած ծանր դեպքերից մեկն է, որի հետ պետությունը չի առերեսվել։ Պաշտոնական տվյալներով, միայն Ստամբուլում ավերվեց 73 եկեղեցի, հույների  8 հոգևոր կենտրոն, 2 մենաստան։ Այրվեց հույներին պատկանող 3584՝ տուն 5538 աշխատատեղ։ Նոր ապացույցների համաձայն՝ այդ դեպքերի ժամանակ 60 կին ենթարկվեց սեռական բռնության, մի շարք մարդիկ էլ սպանվեցին։ Տեղի ունեցած պոգրոմների մեղավորները անպատիժ մնացին և հազարավոր հայեր, հույներ և հրեաներ ենթարկվելով ճնշումների և սպառնալիքների, սստիպված եղան լքել երկիրը»,- ասել է Փայլանը։

Հիշեցնենք, որ 1955-ի սեպտեմբերի 6-ի առավոտյան Ստամբուլում թուրքական մամուլը կեղծ լուր էր տարածել Սալոնիկում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տան պայթեցման մասին։ Թեև ավելի ուշ պարզ դարձավ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, սակայն Ստամբուլի, Իզմիրի, Անկարայի ու մի շարք այլ քաղաքների քրիստոնեաբնակ թաղամասերի վրա թուրք ազգայնականների զանգվածային հարձակումները չկանխվեցին։

Ըստ թուրքական մամուլի՝ դեպքերի ժամանակ մահացել է 11 հոգի: Մինչդեռ հայ և հույն համայնքների պնդմամբ՝ մահացածների թիվն ավելի շատ է: Դեպքերի ընթացքում ավերվել են բազմաթիվ տներ, քրիստոնյաներին պատկանող խանութներ և գործարաններ: Այս հարձակումները պատճառ դարձան բազմաթիվ հայերի և հույների՝ Թուրքիայից արտագաղթելուն, նոսրացան հայ և հույն համայնքները:

 

Լրահոս

Դիտել ավելին