Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    523
    531

  • RUB

    7,32
    7,52

Կարևոր իրադարձություններ

 

Փաշինյան - Թրամփ հանդիպումը՝ կլինի․ Զոհրաբ Մնացականյան

06 Սեպտեմբեր, 2019 21:24
Փաշինյան - Թրամփ հանդիպումը՝ կլինի․ Զոհրաբ Մնացականյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցից առաջ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հայտարարեց, որ վարչապետի ու Միացյալ Նահանգների նախագահի միջև հանդիպում կլինի, այդ հարցը օրակարգում է, սակայն հանդիպման ժամկետի մասին դժվարացավ հստակ տեղեկություն հաղորդել:

Սպասվում է, որ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգներ է մեկնելու սեպտեմբերի վերջին տասնօրյակին՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին, որի բացմանը հանդես կգա ելույթով։ Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև հանդիպումներ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Ինչ վերաբերում է վարչապետի և Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպմանը՝ կլինի։ Երբ կլինի՝ շատ լավ է, աշխատում ենք և սա մեզ համար օրակարգային հարց է, բայց ուղղակի ֆիքսվել միայն, որ եթե չկա, ուրեմն այդպես է՝ ես այդ մոտեցումը չեմ կիսում, որովհետև որևէ պակաս՝ բարձր մակարդակով շփումների, մենք չունենք», - վստահեցրեց Մնացականյանը։

Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ՝ այս տարվա ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգները ունեն «չափազանց բավարար երկխոսություն» բարձր մակարդակով:

«Եթե ուշադրություն դարձնենք՝ և՛ վարչապետի, և՛ արտգործնախարարի հանդիպումների ծավալը և մակարդակը, հաշվի առնելով նաև Միացյալ Նահանգների պետական կառուցվածքը, մենք որևէ դեֆիցիտ՝ Միացյալ Նահանգների հետ շփումների՝ բարձր մակարդակով, այսօր չունենք։ Ե՛վ Սպիտակ տան մակարդակով, և՛ Պետքարտուղարության մակարդակով, բարձր մակարդակում մենք ունենք շատ ակտիվ երկխոսություն։ Եվ չունենք որևէ սահմանափակում՝ ցանկացած պահի ակտիվացնելու։ Շատ պարզ լեզվով ասեմ՝ եթե ես որևէ պատգամ ունեմ, որևէ բան ունեմ ասելու, ես անմիջապես կարող եմ հասցնել դա Միացյալ Նահանգների բարձր մակարդակի իմ գործընկերներին», - հայտարարեց Զոհրաբ Մնացականյանը։

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի միգրացիոն ծառայությունը ռուս ընդդիմադիր, հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին ճանաչել է փախստական ու ապաստան տրամադրել: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին այսօր խնդրեցինք արձագանքել՝ հայաստանցի նախկին տարբեր պաշտոնյաներ, որոնք մեղադրվում են տարբեր հանցագործությունների մեջ, հանգրվանում են Ռուսաստանում, և, զուգահեռ, ականատես եղանք Շիշկինի դեպքին․ ի՞նչ է սա նշանակում:

«Ռուսաստանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունները բավական ամուր հիմքեր ունեն և այստեղ մենք որևէ տարաձայնություն չունենք։ Մենք ունենք որոշ իրավական բնույթի գործընթացներ, սակայն միջպետական մակարդակում մենք կարող ենք, ունակ ենք պահպանել այն կարևոր օրակարգը, որի հիմքում է մեր դաշնակցային հարաբերությունները խորացնելու մտադրությունը։ Որևէ կերպ փոխկապակցվածություն հարցերի գոյություն չունի և չի կարող ունենալ», - արձագանքեց նախարարը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը այսօր անդրադարձավ նաև հաջորդ ամիս Երևանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, որին, սպասվում է, որ կմասնակցեն նաև Իրանի ու Սինգապուրի ղեկավարները․ - «Եվ այսպես՝ մենք հիմա նախապատրաստվում ենք և այո՛, մենք սպասում ենք, որ այս ամենը իրականացվելու է Երևանում՝ մասնակցությամբ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների և մասնակցությամբ հյուրերի, որոնք համագործակցում են ԵԱՏՄ-ի հետ՝ ներառյալ Սինգապուրը և Իրանը»։

 

 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին