Կարևոր իրադարձություններ

Հայաստանի միջուկային իրավունքը. անհրաժեշտ պաշտպանություն՝ Էրդողանից. «Ժամանակ»

06 Սեպտեմբեր, 2019 09:01
Հայաստանի միջուկային իրավունքը. անհրաժեշտ պաշտպանություն՝ Էրդողանից. «Ժամանակ»

«Գրեթե բոլոր զարգացած երկրներն ունեն միջուկային մարտագլխիկներ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ խոսելով այն մասին, որ Թուրքիան ևս պետք է մտածի միջուկային մարտագլխիկ ունենալու մասին: Էրդողանի այս հայտարարությունը հնարավոր է գնահատել իբրև միջուկային զենքի հրապարակային հայտ, որ ներկայացնում է պաշտոնական Անկարան:

Ինչ նպատակով է դա անում Էրդողանը՝ իր ներքին քաղաքական խնդիրներն ինչ-որ կերպ կոծկելո՞ւ, արտաքին քաղաքական շանտաժի՞, թե՞ իրապես միջուկային սպառազինություն ունենալու և այդ միջոցով Թուրքիայի կշիռը բարձրացնելու համար՝ հնարավոր է միայն ենթադրել: Սակայն Էրդողանի մակարդակով հրապարակային հայտարարությունն իրապես լուրջ քաղաքական իրողություն է, որը բնականաբար լրջագույն ուշադրության կարիք ունի Թուրքիայի հարևան երկրներում, առավել ևս Թուրքիայի հետ քաղաքական խնդիրներ ունեցող երկրներում: Այդ շարքում է, բնականաբար, Հայաստանը, և Հայաստանն առաջիններից մեկն է այդ շարքում:

Եթե Թուրքիան դառնա միջուկային տերություն, ապա դա ուղղակիորեն բազմապատկում է Հայաստանի սպառնալիքները: Առավել ևս, որ Թուրքիայի այդ հավակնության պարագայում կա մեկ այլ հարց՝ Ռուսաստանի դերը: Բանն այն է, որ ռուս-թուրքական հարաբերությունը ռազմատեխնիկական առումով ներկայումս, այսպես ասած, վերելքի դինամիկայի մեջ է: Ավելին՝ դրա համար Անկարան անգամ գժտվում է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ: Իհարկե չի բացառվում նաև, որ Անկարան Մոսկվայի հետ գործակցության ինտենսիվացումը ծավալել է նաև Արևմուտքից «միջուկային իրավունք» ձեռք բերելու համար, այդ հարցում Նահանգների հետ առևտրի համար՝ այդ պայմանով գուցե հրաժարվելով Ռուսաստանի հետ գործակցության ներկայիս դինամիկայից և ծավալներից, որի դեմ դժգոհություն է հայտնում ԱՄՆ-ն:

Միևնույն ժամանակ, սակայն, այդպիսով Անկարան կարող է պարզապես «մրցակցություն» հրահրել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, թե ով է լինելու իր գործընկերը կամ դաշնակիցը «միջուկային իրավունքի» հարցում: Անշուշտ միամտություն է կարծել, թե Վաշինգտոնը ու նաև Մոսկվան կարող են հեշտությամբ տալ այդ «իրավունքը» Անկարային: Սակայն մյուս կողմից՝ պետք չէ բացառել, որ քաղաքական իրողությունները բարձրացնեն Թուրքիայի՝ թվում է թե որոշակի ավանտյուրիզմ պարունակող հայտի իրատեսականության հավանականությունը:

Համենայնդեպս, այդ առիթով պետք է զբաղվել լրջորեն, և Հայաստանին անհրաժեշտ է սկսել առնվազն դիվանագիտական աշխատանք՝ հնարավոր հայտի լրջությունը հասկանալու և հակազդեցության «դաշինքի» մասին մտածելու:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի այդօրինակ հավակնության, այսպես ասած, առարկայացման միտումները Հայաստանին կտան լիակատար իրավունք խոսելու իր «միջուկային իրավունքի» մասին՝ որպես անհրաժեշտ պաշտպանություն՝ հաշվի առնելով Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը թե՛ հայերի ցեղասպանության, թե՛ արցախյան հարցի առումով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին