Կարևոր իրադարձություններ

Գետաշենում հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան. պարզաբանում

05 Սեպտեմբեր, 2019 14:53
Գետաշենում հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան. պարզաբանում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Գետաշեն համայնքում հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան:

«Հաշվի առնելով վերջին շրջանում Հանրապետությունում կենդանիների սիբիրախտ հիվանդության արձանագրման դեպքերը, տեղում ծանոթանալու և առկա իրավիճակը վերլուծելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և նույն նախարարության Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանի սեպտեմբերի 2-ին իրականացվել է աշխատանքային այց՝ ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն համայնք, որտեղ կայացել է հանդիպում ՀՀ ԿԵ սննդամթեքի անվտանգության տեսչական մարմնի մարզային տեսուչի, Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի տնօրենի, համաճարակաբանի, համայնքը սպասարկող անասնաբույժի և համայնքի ղեկավարի մասնակցությամբ:

Համաձայն գործող իրավական ընթացակարգերի՝ արձանագրված դեպքի առնչությամբ համայնքը սպասարկող անասնաբույժի, համաճարակաբանի և մարզային տեսուչի արագ արձագանքի արդյունքում և համայնքի ղեկավարի աջակցությամբ անհապաղ միջոցներ են ձեռնարկվել հիվանդությունն ախտորոշելու և համաճարակային օջախը վնասազերծելու, սիբիրախտի հարուցիչով ախտահարված մթերքների ոչնչացումը պատշաճ իրականացնելու, ինչպես նաև շենքերը, սարքավորումները և վարակված տարածքներն ախտահանելու ուղղությամբ:

Միաժամանակ արձանագրված դեպքի հանգամանքների պարզաբանման նպատակով՝ փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև քաղաքացիների հետ կայացած հանդիպումներից պարզվել է, որ Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոնՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի կողմից համակարգվող՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական պատվերի ծրագրի շրջանակներում իրականացվող կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներն իրականացվել են պատշաճ և համաձայն պլան-ժամանակացույցի, որին իր աջակցությունն է ցուցաբերել համայնքի ղեկավարը:

Ներկայումս համայնքում հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան և համայնքը գտնվում է մարզային անասնաբուժական ծառայության, ինչպես նաև «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի աշխատակազմի խիստ հսկողության ներքո:
Հանրապետությունում համապետական մորթի անցման դեպքում առկա խնդիրների բացահայտման և սպանդանոցների կարողությունների գնահատման նպատակով աշխատանքային այց է իրականացվել նաև ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գործող «Արսեն Հակոբյան» Ա/Ձ-ի սպանդանոց: Համատեղ քննարկման արդյունքում վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ ներկայացվել են առաջարկություններ:

Կարևորելով կայուն անասնահամաճարակային իրավիճակի պահպանումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին պահպանել «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի դրույթները և հիվանդ, հիվանդության մեջ կասկածվող կամ կլինիկական նշաններ ունեցող կենդանիներ հայտանբերելուց անհապաղ ծանուցել համայնքը սպասարկող անասնաբույժին կամ մարզային անասնաբուժական ծառայությանը»,- գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին