Կարևոր իրադարձություններ

Կառավարության որոշմամբ Մարտի 1-ին տուժած անձանց աջակցելու համար 720 միլիոն դրամ կհատկացվի

05 Սեպտեմբեր, 2019 11:51
Կառավարության որոշմամբ Մարտի 1-ին տուժած անձանց աջակցելու համար 720 միլիոն դրամ կհատկացվի

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար տրամադրել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման նպատակով: Արդարադատության նախարարությանը կհատկացվի 720 միլիոն դրամ:

ՀՀ կառավարության 08.08.2019թ. թիվ 990-Ն որոշմամբ հաստատվել է 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձեւը եւ չափը, համաձայն որի աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձեւով՝ հետեւյալ չափերով՝

1) ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30 միլիոն դրամ.

2) առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն դրամ.

3) առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 միլիոն դրամ:

«Սա ոչ թե փոխհատուցում է, այլ սա աջակցություն է, ու իմ դիրքորոշումն այն է, որ հայտնի հանգամանքների բերումով մենք փոխատուցման հարցի վերաբերյալ որոշումներ պիտի կայացնենք ՄԻԵԴ-ի կողմից կայացված որոշումների հիման վրա»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` շատ կարեւոր է, որ այս հարցում որոշումները կայացվեն մաքսիմալ օբյեկտիվ:

«Բայց քանի որ չգիտենք` երբ կկայացվի որոշումներ ու չստացվի այնպես, որ այս պայմաններում մեր կառավարությունը որեւէ միջոց չի ձեռնարկում Մարտի 1-ի զոհերին եւ տուժաներին աջակցություն ցույց տալու համար, հիմա մենք այս որոշումը կայացնում ենք ԱԺ կողմից ընդունված օրենքի հիման վրա, իսկ թեման ամբողջությամբ կփակենք ՄԻԵԴ-ի որոշման հիման վրա»,- ասաց Փաշինյանը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, թե գումարի տրամադրման չափը պայմանավորված է ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացված տվյալներով, համաձայն որոնց 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվել է 10, առողջությանը ծանր վնաս է հասցվել 10 եւ միջին ծանրության վնաս՝ 54 անձի:

 

Լրահոս

Դիտել ավելին