Կարևոր իրադարձություններ

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում Երևանում զինված միջադեպի վերաբերյալ

05 Սեպտեմբեր, 2019 11:26
Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում Երևանում զինված միջադեպի վերաբերյալ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 2019թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, «Աստղիկ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1957 և 1974թթ.:

Նախնական տվյալներով՝ 2019թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:50-19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում «Toyota Highlander» մակնիշի ավտոմեքենայի միջից հրազենից կրակահերթ է արձակվել 1957 և 1974թթ.  ծնված տղամարդկանց ուղղությամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Երկու անձ ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ. կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ պարկուճներ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ: Առգրավվել են դեպքի պահին տուժածների հագին եղած հագուստները:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական, դատագենետիկական:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի/անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին