Կարևոր իրադարձություններ

32 երկրից սփյուռքահայեր են դիմել հայաստանյան բուհեր ընդունվելու համար

01 Սեպտեմբեր, 2019 15:29
32 երկրից սփյուռքահայեր են դիմել հայաստանյան բուհեր ընդունվելու համար

 2019 թվականին՝ հայաստանյան համալսարաններում սովորելու համար դիմել է 190 օտարազգի և 634 սփյուռքահայ:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի պատասխանատու Կարեն Նազարյանը։ «2018 թվականին հայաստանյան ԲՈւՀ-եր ընդունվել է 1620 օտարազգի դիմորդ։ Նախորդ տարի ընդհանուր առմամբ ընդունվել է 870 սփյուռքահայ ուսանող։ 2018-ին` մինչ այս պահը, դիմել էր 611 սփյուռքահայ, իսկ 2019-ին՝ 634 դիմորդ։ Մենք զարգացման դինամիկա ունենք և նախնական վերլուծությամբ նրանց թիվը 700-ը կանցնի»,- նշեց Նազարյանը։

Նրա խոսոքվ` այս տարի 32 պետությունից սփյուռքահայ է դիմել հայկական բուհեր ընդունվելու համար. նրանց հիմնական մասը Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Լիբանանից և Սիրիայից են։

2019 թվականին սփյուռքահայ ուսանողների մեծ մասը դիմել է Երևանի պետական բժշկական համալսարան` մոտ 180 հոգի: «Մյուսները դիմել են Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և մի շարք այլ ուսումնական հաստատություններ: Օտարազգի դիմորդները նույնպես հիմնականում ընդունվում են բժշկական համալսարաններ` մեծ մասը հնդիկներ և իրանցիներ են»,- նշեց Նազարյանը:

Անդրադառնալով պետպատվերներին` սփյուռքի հետ կապերի բաժնի պատասխանատուն ասաց, որ դրանք 70-ն են և բաշխվում են հայագիտական մասնագիտությունների վրա: «70 սփյուռքահայ դիմորդ կարող է կրթություն ստանալ անվճար և այդ պետպատվերներն ուղղված են հայագիտական մասնագիտություններին»,- նշեց Նազարյանը:

Դիմորդների տվյալները կամփոփվեն 2019 թվականի սեպտեմբերի վերջին:

 

Լրահոս

Դիտել ավելին