Կարևոր իրադարձություններ

Զարիֆի անակնկալ այցը, Թրամփի վեճը գործընկերների հետ. G7-ը շարունակվում է

26 Օգոստոս, 2019 11:11
Զարիֆի անակնկալ այցը, Թրամփի վեճը գործընկերների հետ. G7-ը շարունակվում է

Ֆրանսիական Բիարից քաղաքում շարունակվում է Մեծ Յոթնյակի երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Օգոստոսի 26-ին գագաթնաժողովի վերջին՝ երրորդ օրն է:

Ամերիկյան պատվիրակության համար ամենամեծ անակնկալը եղել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի ժամանումը: CNN-ի փոխանցմամբ՝ վերջինս եկել է գագաթնաժողովն այս տարի հյուրընկալող երկրի ղեկավարի՝ Էմանուել Մակրոնի հրավերով: Շաբաթներ շարունակ Մակրոնը Թրամփին հորդորում էր մեղմացնել Իրանի նկատամամբ դիրքորոշումը, սակայն ապարդյուն: G7-ի ղեկավարների ոչ պաշտոնական ճաշի ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ սեղանի շուրջ գտնվողները համաձայն են երկու հարցում՝  Իրանը միջուկային զենք չունենա և տարածաշրջանում անկայունություն չլինի:

Իսկ բրիտանական Guardian պարբերականը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր գործընկերների հետ վիճաբանության մեջ է մտել՝ կապված Ռուսաստանը G8 ձևաչափ վերադարձնելու հետ: Ռուսաստանին այս ձևաչափ վերադարձնելու հարցում Թրամփի հետ համաձայնել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չեզոքություն է պահպանել, իսկ Մեծ Յոթնյակի երկրների մյուս ղեկավարները դեմ են եղել այդ գաղափարին:

Գագաթնաժողովի վերջին օրը աշխարհի գերտերությունների ղեկավարները քննարկելու են Ամազոնյան անտառներում հրդեհների մարմանն ուղղված տեխնիկական և ֆինանսական օգնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին