Կարևոր իրադարձություններ

Հավանաբար այս տարվա ընթացքում կունեանք ժամանակացույցը՝ երկու տարի է, երեք թե չորս․ մարզպետը՝ տնակների խնդրի մասին

25 Օգոստոս, 2019 20:01
Հավանաբար այս տարվա ընթացքում կունեանք ժամանակացույցը՝ երկու տարի է, երեք թե չորս․ մարզպետը՝ տնակների խնդրի մասին

Վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը հունիսի վերջին ներկայացրել է տվյալներ երեք մարզերում ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ անդրադառնալով մարզի եւ հատկապես Գյումրու տնակային տնտեսությունից ձերբազատվելու խնդրին։

«Էս պահին Շիրակում ունենք 3600 ժամանակավոր կացարան, եւ միայն 2800-ից 50-ը՝ Գյումրիում, որից բնակեցված է առնվազն 2500-ը»,- նշեց մարզպետը։

Ըստ նրա՝ աշխատանքային խումբը որոշակի լուծումների փաթեթ է առաջարկել․ «Կոմպոնենտներ կան, որ ֆինանսական միջոցներ չեն պահանջում եւ կարող են անմիջապես կյանքի կոչվել, կոմպոնենտներ կան, որոնք պահանջում են ֆիանսական միջոցներ։ Այժմ փաթեթը քննարկման փուլում է, հավանաբար այս տարվա ընթացքում արդեն կունեանք գործողությունների ամբողջական պատկերը եւ նաեւ ժամանակացույցը՝ երկու տարի է, երեք թե չորս»։

Տիգրան Պետրոսյանն ընդգծեց, որ այժմ գործիքակազմն է ամբողջությամբ մշակվում եւ երեւակվում են այն ֆինանսական միջոցները, որոնք տրվելու են մոտակա տարիների ընթացքում այդ խնդիրը լուծելու համար։

Ֆինանսական ծավալներն էլ պայմանավորելու են ընտրված գործիքները․ «Պատկերացում կա ֆինանսական ծավալների, եւ նաեւ կախված է, թե ինչ լուծումներ են լինելու, եթե Բնակարանների գնման վկայագրերն ավելի շատ են լինելու, բնակարանաշինությունը՝ քիչ, շատ ավելի քիչ միջոցներ կպահանջվեն։ Հիմա քննարկում է ընթանում՝ հասկանալու, թե որ խմբին ինչ լուծումներ են առաջարկվելու, ըստ դրա՝ պարզ կլինի՝ ինչքան միջոցներ անհրաժեշտ կլինեն»,- ասաց մարզպետը։

 

Լրահոս

Դիտել ավելին