Կարևոր իրադարձություններ

5 անձ բերման է ենթարկվել խուլիգանության կասկածանքով. նրանցից մեկը հայհոյել է ոստիկանական բաժանմունքում (տեսանյութ)

24 Օգոստոս, 2019 21:28
5 անձ բերման է ենթարկվել խուլիգանության կասկածանքով. նրանցից մեկը հայհոյել է ոստիկանական բաժանմունքում (տեսանյութ)

Օգոստոսի 14-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները տեղեկություններ են ստացել մայրաքաղաքի ակումբներից մեկում տեղի ունեցող վիճաբանության և ծեծկռտուքի մասին։ Տեղում պարզվել էր, որ մի խումբ անձինք ակումբի հարակից տարածքում կատարում են խուլիգանական գործողություններ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ։

Օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններն իրացնելով` ոստիկանության ծառայողները խափանել են հասարակական կարգի խմբային խախտումը և առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել 5 անձի։

Բերման ենթարկված մի քաղաքացի, գտնվելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, շարունակել է խուլիգանական գործողություններ կատարել նաև ոստիկանության բաժնում, այդ թվում՝ բարձրաձայն հայհոյանքներ տալով։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է ՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։ Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։

Միջադեպի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը հայտնում է.

«Տեսանյութն արագ տարածվել էր համացանցում: Զարմանալի է, որ ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ և օգտատերեր ակնարկում էին, թե ինչու ոստիկանները «չեն պատժում» հարբած վիճակում գտնվող տղամարդուն։ Ոստիկանությունը օրենքի շրջանակում ապահովում է հասարակական կարգը, վերականգնում քաղաքացիների ոտնահարված իրավունքները և հաստատում կարգուկանոն։ Ոստիկանության խնդիրն այս փուլում անձանց պատժելը չէ, անկախ այդ բառի իմաստային դրսևորումներից։

Իրավախախտում կատարած ցանկացած անձի գործողություններին իրավական գնահատական է տրվում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան, որի արդյունքում ցանկացած անձի կողմից նրան վերագրվող արարքը սահմանված կարգով ապացուցվելու դեպքում, կիրառվում են իրավաբանական պատասխանատվության և հարկադրանքի համարժեք միջոցներ»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին