Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

Գյուղից քաղաք հասնելը պրոբլեմ է դառնում. Թագուհի Թովմասյանի գրառումը

24 Օգոստոս, 2019 18:31
Հեղինակ՝ Թագուհի Թովմասյան
Գյուղից քաղաք հասնելը պրոբլեմ է դառնում. Թագուհի Թովմասյանի գրառումը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` նշելով, որ բողոքներ է ստանում Գեղարքունիքի մարզի տարբեր բնակիչներից` մարզից Երևան իրականացվող ուղևորափոխադրումների երթուղու փոփոխության վերաբերյալ:

Գրառումը ներկայացնում ենք ստորև. 

«Գյուղից քաղաք հասնելը պրոբլեմ է դառնում: Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի տարբեր բնակիչներից բողոք եմ ստանում մարզից Երևան իրականացվող ուղևորափոխադրումների երթուղու փոփոխության վերաբերյալ․

Ի՞նչն է խնդիրը։ Եթե նախկինում մարդիկ կարողանում էին հասնել Երևանի կենտրոնական «Կիլիկիա» ավտոկայան, ապա Երևանի քաղաքապետի հրահանգի արդյունքում այժմ կարողանում են հասնել միայն «Հյուսիսային» ավտոկայան, որտեղից ստիպված լրացուցիչ գումար են ծախսում՝ նվազագույնը 1000 դրամ՝ տաքսիով Երևան հասնելու և իրենց առօրյա խնդիրները լուծելու համար։

Ստացվում է, որ Երևան հասնելու ուղեվարձը քաղաքացու համար ամենաքիչը 1000 դրամով ավելանում է։ Ինչու՞ տաքսիով, որովհետև շատ դեպքերում մարդիկ մարզից գալիս են մեծ պայուսակներով, ծանր բեռներով և քաղաքային տրանսպորտից տեխնիկապես հնարավոր չի լինում օգտվել։

Միանգամայն գիտակցելով Երևան քաղաքի գերբեռնվածության խնդիրն ու բեռնաթափման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, միաժամանակ պետք է ընդգծել, որ դրանք չպետք է իրականացվեն այլոց իրավունքների հաշվին։ Հակառակ դեպքում ստեղծվում է իրավիճակ, որ մարդիկ գումար են վճարում Երևան հասնելու համար, բայց չեն հասնում։

Բացի այդ, քաղաքապետի հրահանգը, որն, ի դեպ, բխում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասից, այն է՝ « Միջմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է լիազոր մարմինը` համագործակցելով տարածքային կառավարման մարմինների հետ, Երևան քաղաքի վարչական տարածքով անցնող երթուղիների ուղեգծերը համաձայնեցնելով Երևանի քաղաքապետի հետ», մեկ այլ գլոբալ խնդիր էլ է առաջացնում․

Միջքաղաքային երթուղիների նկատմամբ գործադրվող այսպիսի ճնշումն աստիճանաբար հանգեցնելու է վերջիններիս գործունեության դադարեցման, ինչպես, օրինակ, տեղի ունեցավ մի քանի մարզերի բնակավայրերի երթուղիների հետ, երբ երթուղիներին փոխարինեցին անօրեն դաշտում «թաքուն» աշխատող տաքսիները։

Կարծում եմ՝ նպատակահարմար է որոշում կայացնելուց առաջ հաշվի առնել, թե քանի քաղաքացու իրավունք է ոտնահարվում, և ինչ հարց է լուծվում դրա դիմաց։ Օրինակ Վարդենիս-Երևան ուղևորափոխադրումներն իրականացնում են 12 մեքենաներ, որոնցից հազիվ թե 10-ն աշխատեն օրվա մեջ։ Արդյո՞ք 10 մեքենայի արգելքով բեռնաթափվելու են մայրաքաղաքի փողոցները։

Այսպիսով, եթե Երևանի քաղաքապետի այս հրահանգն անկասելի է, ապա մարդկանց այս կերպ ոտնահարված իրավունքների վերականգնումը Երևանի քաղաքապետարանի համար անհրաժեշտություն է դառնում՝ ապահովելու «Հյուսիսային» ավտոկայանից դեպի Երևան բնակիչների անվճար տեղափոխությունը՝ մեծ ուղեբեռների հարմարավետ տեղափոխման հնարավորությամբ։

Հուսամ, խնդիրը կլուծվի փոխընկալելի տարբերակով, և մարդիկ ստիպված չեն լինի մայրուղին փակելով հարց բարձրաձայնել ու լուծել»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին