Կարևոր իրադարձություններ

Կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

23 Օգոստոս, 2019 17:44
Կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Օգոստոսի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը հայտնաբերել է կալանավորված անձ, 25.11.1955թ. ծնված Ժորա Հակոբի Հակոբյանի դին՝ պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից: Ժ. Հակոբյանը մեղադրվում էր կնոջ և աներորդու սպանությունների համար: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Ժ. Հակոբյանը ձերբակալվել էր 11.06.2019թ.-ին: 14.06.2019թ.-ին ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, և նույն օրը նա տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ:

Ժ. Հակոբյանը գտնվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժիշկների կողմից ախտորոշվել է օրգանական էնցեֆալոպաթիա, հրավիրվել է հոգեբույժ, որը նշանակել է համապատասխան բուժում: 12.08.2019թ.-ից Ժ. Հակոբյանը հայտարարել էր հացադուլ և տեղափոխվել այդ նպատակով հատուկ առանձնացված խուց: Վերջինս եղել է հիմնարկի բժիշկների հսկողության տակ և ստացել դեղորայքային բուժումներ:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՔԿ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

 

Լրահոս

Դիտել ավելին