Կարևոր իրադարձություններ

Երկրագնդի «թոքերն» այրվում են ռեկորդային արագությամբ

22 Օգոստոս, 2019 14:58
Երկրագնդի «թոքերն» այրվում են ռեկորդային արագությամբ

Բրազիլիայի Ամազոնի արևադարձային անտառներում խոշոր հրդեհներ են բռնկվել, հաղորդում է CNN-ը: Գիտնականները նախազգուշացնում են, որ դա կարող է լուրջ հարված հասցնել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին:

Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը հայտարարել է, որ 2013-ից ի վեր հրդեհները նման արագությամբ չէին տարածվել: Բրազիլիայում այս տարի գրանցվել է հրդեհի 72.843 օջախ, որոնց կեսից ավելին՝ Ամազոնի շրջանում: Ինստիտուտի տվյալներով՝ դա անցյալ տարվա նույն շրջանի համեմատությամբ 80%-ով ավելի է:

Ամազոնը հաճախ անվանում են «մեր մոլորակի թոքեր», քանի որ այն ապահովում է Երկրի մթնոլորտի թթվածնի 20%-ը:
Ամազոնյան անտառները նաև կենսական նշանակություն ունեն գլոբալ տաքացումը դանդաղեցնելու գործում, ինչպես նաև բուսական և կենդանական բազմաթիվ տեսակների բնակության վայրն են:

Ամազոնյան անտառների ծուխը հասել է ավելի քան 2700կմ հեռավորության վրա գտնվող Սան Պաուլո: Այնտեղ երկինքը ծածկվել է սև, խիտ ծխով և մոխրով:

Ծուխը շղարշել է ոչ միայն Բրազիլիայի գրեթե կեսը, այլև հասել մինչև հարևան Պերու, Բոլիվիա և Պարագվայ:

Բնապահպանները Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյին մեղադրում են Ամազոնյան անտառները վտանգի տակ դնելու մեջ: Ըստ ակտիվիստների՝ Բոլսոնարոն երկրում բնապահպանության ոլորտի վերահսկողությունը թուլացրել է և խրախուսում է անտառահատումները:

Բրազիլիայի նախագահն էլ իր հերթին մեղադրել է հասարակական կազմակերպություններին Ամազոնի անտառներն այրելու մեջ՝ առանց ապացույցներ տրամադրելու: Բոլսոնարոն կարծիք է հայտնել, որ ՀԿ-ները հրդեհել են անտառները, քանի որ զրկվել են ֆինանսավորումից և ցանկանում են վատ դրության մեջ դնել երկիրը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին