Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է իրենց կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի դիմաց պատգամավորների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
Oգոստոսի 19-ին Թուրքիայի իշխանությունների որոշումով պաշտոնանկ էին արվել Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետները և նրանց փոխարեն որպես ժամանակավոր պաշտոնակատար էին նշանակվել վերոհիշյալ շրջանների նահանգապետները: Պոլսահայ պատգամավորը Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում, անդրադառնալով բողոքի ակցիաներին, գրել է.
«Մեր կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի դիմաց բռնություն է կիրառվում մեր պատգամավորների նկատմամբ: Ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետին պաշտոնանկ են արել: Ժողովրդի ընտրած պատգամավորի նկատմամբ բռնություն են գործադրում: Այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում, պետական տեռոր է… Չլռենք»:
Հիշեցնենք, որ ահաբեկչության հետ կապի մեղադրանքով պաշտոնից հեռացվել են Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետներ Սելչուք Մըզրաքլըն, Բեդիա Օզգյոքչե Էրթանը և Ահմեթ Թյուրքը։