Կարևոր իրադարձություններ

Եթե 0.1 տոկոս կասկած կլինի, որ Ամուլսարի շահագործումից կտուժի Ջերմուկը, Սևանա լիճը, ապա՝ հանքը չի շահագործվի, եթե լինի իրավիճակ, որ հանքը վնաս չի տալիս՝ կշահագործվի. Ալեն Սիմոնյան

19 Օգոստոս, 2019 17:45
Եթե 0.1 տոկոս կասկած կլինի, որ Ամուլսարի շահագործումից կտուժի Ջերմուկը, Սևանա լիճը, ապա՝ հանքը չի շահագործվի, եթե լինի իրավիճակ, որ հանքը վնաս չի տալիս՝ կշահագործվի. Ալեն Սիմոնյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել են տարբեր հարցեր, որոնց մեջ էր նաև Ամուլսարի շահագործման հարցը: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների փակ հանդիպումից հետո նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա շեշտեց՝ որևէ գաղտնի բան չկա:

«Գիտեք այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել, իսկ վարչապետը ներկայացրեց առավոտյան Բաղրամյան 26-ում իր ունեցած հանդիպման մանրամասները: Կարծում եմ՝ այսօր երեկոյան վարչապետը հայտարարություն կանի կամ ուղիղ եթեր կմտնի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վարչապետի տրամադրվածությանը՝ կապված Ամուլսարի շահագործման հետ, ԱԺ փոխնախագահը նշեց, որ տրամադրվածություն չկա, կա տրամաբանություն:

«Կա իրավիճակ, որ առկա է հետազոտություն, որն ասում է մի բան, կա իրավիճակ, որ բնապահպաններն ասում են այլ բան: Թե՛ նախընտրական փուլում, թե՛ այս ամբողջ ժամանակահատվածում ասվել է, որ եթե կլինի 0.1 տոկոս կասկած, որ դրանից կտուժի Ջերմուկը, Սևանա լիճը, ապա այդ հանքը չի շահագործվի»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ այսօր կա եզրակացություն, որը կառավարությունն ի գիտություն կընդունի: Նրա խոսքով՝ դեռևս որոշում չկա, իսկ վարչապետն իր վերջնական կարծիքը կասի:

«Նոր որոշում չի եղել, այսինքն՝ եղել են տարբեր կարծիքներ, լսվել են և՛ դեմ, և՛ կողմ կարծիքները, եղել է բանավեճ՝ գիտական, իրավական, որի ընթացքում կարմիր գծով անցել է այն գիծը, որ եթե Սևանին, Ջերմուկին 0.1 տոկոս վնաս կա, անկախ նրանից, թե ինչ կազմակերպության, ինչ երկրի դուր կգա կամ չի գա, հանքը չի շահագործվի: Եթե լինի իրավիճակ, որ հանքը վնաս չի տալիս, ապա կշահագործվի»,- մանրամասնեց Ալեն Սինոնյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին