Կարևոր իրադարձություններ

Արցախ այցելության համար Արագածոտնի մարզպետին լրացուցիչ ոչ մի լիտր վառելիք չի հատկացվել. պարզաբանում

17 Օգոստոս, 2019 16:58
Արցախ այցելության համար Արագածոտնի մարզպետին լրացուցիչ ոչ մի լիտր վառելիք չի հատկացվել. պարզաբանում

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգանի այցը Արցախ կազմակերպվել է հնարավոր նվազագույն միջոցներով: Այս մասին պարզաբանում է տարածել Արագածոտնի մարզպետարանը՝ անդրադառնալով «Հրապարակ» թերթի հրապարակմանը:

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար Արագածոտնի մարզից Արցախ են ուղեւորվել Աշտարակ, Ապարան, Թալին, Արագածավան եւ Ծաղկահովիտ համայնքների բոլոր մարզիկները, համայնքների եւ մարզի պատվիրակությունները:

Մարզկենտրոն Աշտարակից Արցախ են մեկնել ոչ թե 7-8 ավտոբուս, այն էլ կիսադատարկ, այլ 1 ավտոբուս՝ Աշտարակ համայնքը ներկայացնող մասնակիցների, եւ 3 միկրոավտոբուսներ՝ Ապարան, Արագածավան եւ Ծաղկահովիտ համայնքների մասնակիցների:  Նշված տրանսպորտային միջոցները ուղեւորվել են նստատեղերի ամբողջական հագեցվածությամբ, այնտեղ ազատ նստատեղեր չեն եղել (դրանցով տեղափոխվել են նաեւ մարզիկների համար նախատեսված մարզահագուստները, հեծանիվներ եւ այլ սպորտային պարագաներ): Թալին համայնքի այցը Արցախ, Համակայկական խաղերի համաշխարհային կոմիտեի որոշմամբ, կազմակերպվել է մարզի մյուս համայնքներից առանձին եւ այլ ժամանակացույցով:

Համահայկական խաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացրել են մարզպետարանները՝ մարզպետների անմիջական համակարգմամբ, եւ առնվազն տարօրինակ կլիներ մարզպետի բացակայությունը մարզի պատվիրակության կազմում:

Արցախ այցելության համար Արագածոտնի մարզպետին լրացուցիչ ոչ մի լիտր վառելիք չի հատկացվել, եւ Արագածոտնի մարզպետը ստացել է օգոստոսի համար իրեն հասանելիք վառելիքը:

Մարզպետի այցը Արցախի Հանրապետություն կազմակերպվել է հնարավոր նվազագույն միջոցներով: Ասվածից հետեւում է, որ գործուղումը բնավ «թանկարժեք» բնույթ չի կրել:

Մարզպետի գործուղման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար աշխատանքային շաբաթվա վերջին՝ ուրբաթ օրվա ավարտից կարճ ժամանակ առաջ լրատվականը դիմել է մարզպետարան: Մարզպետարանը չի զլացել տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, ավելին պատրաստակամություն է հայտնել հարցումը ստանալուն պես սահմանված ժամկետում պաշտոնապես պատասխանել դրան:

Հրապարակ լրատվականին եւ նյութը տարածած մյուս լրատվականներին հայտնում ենք, որ «մարզից ստացած» տեղեկատվությունը թյուր է, ստահոդ եւ իրականությանը չի համապատասխանում»:

 

Լրահոս

Դիտել ավելին