Կարևոր իրադարձություններ

Երկար տարիներ ընտանիք պահելու, օջախ ունենալու արժեքներով մեզանում լեգիտիմացվել են արատավոր երևույթներ. Փաշինյան

08 Օգոստոս, 2019 17:19
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Երկար տարիներ ընտանիք պահելու, օջախ ունենալու արժեքներով մեզանում լեգիտիմացվել են արատավոր երևույթներ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել հասարակության մեջ ընտանիքի մոդելի ընկալումներին.

«Բոլորդ գիտեք, թե յուրաքանչյուր հայի համար որքան կարևոր են Օջախ և ընտանիք հասկացությունները: Դրանք հասկացություններ են, որոնք ձևակերպում են մեզնից յուրաքանչյուրի ինքնությունը, արժանապատվությունն ու ծագումը:

Բայց ցավոք, երկար տարիներ մի իրականություն է ձևավորվել, երբ ընտանիք պահելու, օջախ ունենալու արժեքներով մեզանում հաճախ լեգիտիմացվել են բազմաթիվ արատավոր երևույթներ:

Երբեմն կաշառակերությունը, կոռուպցիան, հովանավորչությունն ու անարդարությունները, ապօրինի գործունեության զանազան տեսակներ բացատրվել, լեգիտիմացնվել են ընտանիք պահելու, հացի փող աշխատելու, օջախին նյութական միջոցներ մատակարարելու հասկանալի անհրաժեշտությամբ:

Օջախ ու ընտանիք հասկացությունները վերապրել են անգամ քաղաքական մուտացիաներ, զարգանալով կլանային և թայֆայական կառուցակարգերի տրամաբանությամբ:

Արդյունքում ստացել ենք մի իրողություն, երբ կոռուպցիոն համակարգերի կողմից ընտանիքի շահը հակադրության մեջ է դրվել հանրության շահի հետ, երբ օջախը վերածվել է բարձր պարիսպներով հայրենիքից տարանջատված և հայրենիքի դեմ գործող տարածքի:

Ես համոզված եմ, որ Նոր Հայաստանում ընտանիք և օջախ հասկացությունները պետք է նոր հարաբերություններ ունենան հայրենիքի հետ, հանրության ու պետականության հետ, որտեղ ընտանիքի շահը չպետք է հակադրվի հանրության շահին, որտեղ օջախի շահը չպետք է հակադրվի հայրենիքի շահին, որտեղ օջախն ու ընտանիքը պետք է ոչ թե պարիսպներով ու դարպասներով պարփակված փոքր տարածություններ լինեն, այլ պետական սահմաններով պարփակված պետականություն, սահմանադրությամբ ու օրենքներով հարաբերվող ժողովուրդ:

Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է:

Սա պիտի լինի մեզնից յուրաքանչյուրին առաջ մղող կարգախոսը, որտեղ մեզանից յուրաքանչյուրի ընտանիքի շահը ներդաշնակ է հանրության շահի հետ, որտեղ մեզնից յուրաքանչյուրի օջախի շահը ներդաշնակ է հայրենիքի շահի հետ, որտեղ մեզնից յուրաքանչյուրի անհատական արժանապատվությունն ու ազատությունը ներդաշնակ է հանրության արժանապատվության և հայրենիքի ազատության գաղափարների հետ:

Սա է Նոր Հայաստանի արժեքային վերափոխման կարևորագույն օրակարգերից մեկը, և հենց ընկալման այսպիսի փոփոխությունն էր, որ 2018 թվականի գարնանը հանգեցրեց համահայկական հեղափոխության, երբ մարդիկ իրար ընկալում էին որպես հարազատ, երբ ժողովուրդը իրեն ընկալում էր որպես մի մեծ, երջանիկ, համերաշխ ընտանիք:

Այս է պատճառը, որ մեզնից յուրաքանչյուրը, աշխարհի յուրաքանչյուր հայ վստահորեն կարող է ասել՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է: Ու այսպիսի միասնությամբ տոգորված հայ ժողովուրդը է անընկճելի ու անպարտելի»:

 

Լրահոս

Դիտել ավելին