Կարևոր իրադարձություններ

Հայաստանը մասնակցում է դատապարտյալների միջև շախմատի միջազգային առաջին առցանց առաջնությանը

05 Օգոստոս, 2019 20:52
Հայաստանը մասնակցում է դատապարտյալների միջև շախմատի միջազգային առաջին առցանց առաջնությանը

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կայացավ արագ շախմատի օնլայն իրականացվող միջազգային առաջնության առաջին փուլը, որը կազմակերպվել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ շախմատային 7 հզոր երկրների՝ Բրազիլիայի, ՌԴ, Անգլիայի, ԱՄՆ, Իտալիայի, Բելառուսի և Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ուժեղագույն շախմատիստ դատապարտյալների միջև: Հայաստանի թիմը, որը կազմված էր «Արթիկ», «Արմավիր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների լավագույն խաղացող 4 դատապարտյալներից, առաջին փուլում իրենց ուժերը չափեցին Ռուսաստանի Դաշնության, Բրազիլիայի և Անգլիայի դատապարտյալների հետ: Անզիջում մրցամարտում Հայաստանի թիմը հաղթեց Բրազիլիայի և Անգլիայի թիմերին, սակայն պարտվեց Ռուսաստանի Դաշնության թիմին։

Խաղին հետևում էին հայ շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն, շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը և միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը, որը նախապատրաստում էր Հայաստանի դատապարտյալների թիմը խաղի օնլայն ձևաչափին:

Հիշեցնենք, որ վաղը՝ օգոստոսի 6-ին, կկայանա մասնակից պետությունների թիմային առաջնության եզրափակիչ փուլը, և կորոշվեն հաղթողները:

Նույն օրը տեղի կունենա նաև փակման արարողությունը, այնուհետև մասնակից պետությունների քրեակատարողական հիմնարկների ներկայացուցիչները տեսազանգի միջոցով ամփոփ կներկայացնեն տեղեկություն շախմատի զարգացման և ընթացքի մասին իրենց երկրների քրեակատարողական հիմնարկներում:

Նշենք, որ տարբեր երկրների քրեակատարողական հիմնարկների միջև նմանատիպ ձևաչափով մրցաշար կազմակերպվում է առաջին անգամ:

 

Լրահոս

Դիտել ավելին