Կարևոր իրադարձություններ

Երևանի կանաչ տարածքների ոռոգման համակարգային խնդիրներ կան. Հայկ Մարության

05 Օգոստոս, 2019 18:16
Երևանի կանաչ տարածքների ոռոգման համակարգային խնդիրներ կան. Հայկ Մարության

Դավթաշեն վարչական շրջանում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը շարունակում է նոր աղբամանների տեղադրման գործընթացը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ աղբամանների փոխարինումն այսօր արդեն ամբողջությամբ կավարտվի: Համայնքի ձեռքբերած աղբամանների թիվը առաջիկա ամիսներին կբազմապատկվի՝ հասնելով անհրաժեշտ քանակի: Մայրաքաղաքում աղբահանության գործընթացը կազմակերպելու համար, որն, ի դեպ, «Սանիթեք» ընկերության պարտականությունն է, քաղաքապետարանին տեխնիկապես աջակցում են նաև մասնավոր ընկերությունները: Քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել «Սիլ գրուպ» և «Կապավոր» ընկերություններին՝ համայնքին աջակցելու և համագործակցության համար:  

 

Խորհրդակցության ժամանակ քաղաքապետի առաջին տեղակալը զեկուցել է, որ մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման համար ջրի բացթողնելու խնդիրներ կան: Մասնավորապես, առկա համակարգի պատճառով քաղաքի որոշ հատվածներում ջրի քանակը չի բավականացնում: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է «Երևան» ջրօգտագործողների ընկերության հետ համատեղ միջոցներ ձեռնարկել՝ խնդրին արագ լուծումներ տալու նպատակով:

«Պետք է պարզ խոսել. այսօր համակարգ գոյություն չունի, իսպառ բացակայում է: Մենք պետք է համատեղ ստեղծենք այդ համակարգը, որ ինքն իրեն աշխատի: Մարդկային գործոնը պետք է բերել նվազագույնի և ստեղծել այնպիսի համակարգ, որը կապահովի արդյունավետ աշխատանք»,- նշել է քաղաքապետը:      

 

Քաղաքապետը նաև հանձնարարել է ուշադրության տակ պահել Ուլնեցի փողոցի 8/10 և 8/12 հասցեներում կատարվող շինարարության օրինականության հսկողությունը: Վերջերս քաղաքապետը գրություն է ուղարկել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ առաջարկելով ուսումնասիրել նշված հասցեում դարավանդներ կառուցելու օրինականությունը և համապատասխանությունը  առկա թույլտվությանը:

«Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ Արաբկիր վարչական շրջանում ավարտվել է արտաքին լուսավորության ցանցի մալուխային տնտեսության գույքագրումը: Արդյունքում մեկ ամսվա կտրվածքով 2 մլն 657 հազար 540 դրամով ավելացել են ընկերության մուտքերը: Տարվա այս ցուցանիշը կկազմի 31 մլն 890 հազար 480 դրամ: Ընդհանուր առմամբ, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում իրականացված գույքագրման արդյունքում, ընկերության տարեկան մուտքերը կավելանան 62 մլն 120 հազար դրամով:  

 

Լրահոս

Դիտել ավելին