Shamshyan.com-ի տեղեկություններով` օգոստոսի 4-ին ոստիկանները Վարդենիսի բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի բնակիչ, 19-ամյա Արամ Աղաջանյանին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պարզվել էր, որ Ա. Աղաջանյանը օգոստոսի 2-ին, ժամը 14:00-ի սահմաններում, իր վարած ԳԱԶ-31029 մակնիշի 34 ՏN 735 համարանիշի ավտոմեքենայով գնացել է իրենց գյուղի հարակից անտառ և կացնի միջոցով ապօրինի հատել 10 հատ «սոճենի» տեսակի ծառ:
Ոստիկանները նրա տանը հայտնաբերել են տարբեր տրամաչափի 51 հատ «սոճենի» տեսակի ծառերի հատված կտորներ, որոնք տեղափոխվել են ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Արդեն ոստիկանությունում Ա. Աղաջանյանը խոստովանել է, որ սոճիները կացնով հատել է և տեղափոխել ավտոմեքենայով իրենց տուն, որպեսզի հետագայում որպես վառելափայտ այն օգտագործի:
Աղբյուրի տեղեկություններով՝ կատարված ծառահատումների մասին Վարդենիսի ոստիկաններին տեղեկացրել էր Կուտական համայնքի վարչական տարածքի ղեկավար Մակիչ Թովմասյանը: