Կարևոր իրադարձություններ

Մահացել է նշանավոր ցեղասպանագետ Վահագն Տատրյանը

04 Օգոստոս, 2019 11:03
Մահացել է նշանավոր ցեղասպանագետ Վահագն Տատրյանը

93 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ ճանաչված գիտնական, իրավագետ, ցեղասպանության հարցերով պատմաբան, սոցիոլոգ, մաթեմատիկոս Վահագն Տատրյանը (Դադրեան): Նա ծնվել է Ստամբուլում, ավարտել է Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի, Վիեննայի համալսարանի պատմության և Ցյուրիխի համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետները։

1970-1991 թթ. սոցիոլոգիա է դասավանդել Նյու Յորքի համալսարանում, միաժամանակ եղել է  Հարվարդի համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների և Մասսաչուսեթսի Տեխնոլոգիայի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնների ավագ գիտաշխատող։

1990-ական թթ. եղել է Հ. Ֆ. Գուգենհեյմի ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն, իսկ 1991 թվականից՝ Զորյան ինստիտուտի (Տորոնտոև Քեմբրիջ) ցեղասպանության հետազոտությունների ծրագրի գիտական տնօրեն։ Տատրյանը համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից է։ Հատկապես արժեքավոր են «Հայկական ցեղասպանությունը խորհրդային և պատմագիտական քննարկումներով» (հայերեն, 1995), «Հայոց ցեղասպանության մեջ գերմանական պատասխանատվությունը։ Պատմական ապացույցի ստուգաբանություն» (անգլերեն, 1996), «Ցեղասպանության երաշխիքը։ Թուրք-հայկական հակամարտության գլխավոր բաղադրատարրեր» (անգլերեն, 1998) մենագրությունները։

Միջազգային իրավունքի համատեքստում Հայոց ցեղասպանության վերլուծությանն է նվիրված «Ցեղասպանությունը որպես ազգային և միջազգային իրավունքի հիմնահարց։ Հայկական հարցը Առաջին աշխարհամարտի տարիներին և նրա նկատմամբ ժամանակակից իրավական վերաբերմունքը» (անգլերեն, 1989) գործը։

Վահագն Տատրյանը ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր է, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Նրա մահվան լուրը հաղորդել են ամերիկահայ  կազմակերպությունները:

 
 

Լրահոս

Դիտել ավելին