Օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի համար, իսկ 2020-ի հունվարից արդեն վաճառքի միսը միայն սպանդանոցներից ձեռք բերելու պահանջը պարտադիր կդառնա սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:
Պարտադիր դարձած օրենքի կիրառելիությունը ստուգելու համար տեսչական մարմինը այսօր՝ օգոստոսի 2-ին, շրջայց էր նախատեսել հանրային սննդի խոշոր ցանցերում: Ներսում նկարահանել, տնտեսվարողները թույլ չեն տվել, իսկ տեսչական մարմինը արձանագրել է, որ սննդի կետերը դեռևս միսը ձեռք չեն բերում սպանդանոցներից:
Այդուհանդերձ գործընթացը սկսված է: Տնտեսվարողներին առայժմ միայն պարտավորագիր է ներկայացվել՝ 15 օրում կապվել գործող սպանդանոցների հետ, իսկ ընթացքում արձանագրած անհարմարությունները կամ խնդիրները արձանագրել և տեսչական մարմնին ներկայացնել՝ դրանք դիտարկելու և լուծումներ գտնելու համար: Պահանջը չկատարելու դեպքում սպառնում է գործունեության կասեցում:
Այժմ գործում է 15 սպանդանոց, սննդի անվտանգության տեսչական մարմինը նախատեսում է սպանդանոցների թիվը հասցնել 40-ի՝ այդ կերպ զարգացնելով անվտանգ միս իրացնելու ուղին:
Օրենքի աբողջական կիրառության դեպքում բակում կենդանիներ կմորթեն միայն ծեսերի ժամանակ, իսկ վաճառքի համար նախատեսված կենդանին սպանդանոցում մորթելուց հետո կօգտագործվի թե միսը, թե մնացած թափոնները՝ դրանք կարող են կենդանաբանական այգուն հատկացվել:
Սպանդանոց կառուցելը մեծ ներդրումներ է պահանջում՝ 10 մլնից մինչև 45 մլն դրամ: Պարտադիր պահանջներն են՝ այն պետք է լինի բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից առնվազն 300 մ հեռու, պետք է ունենա լաբորատորիա, երեք սառցախցիկ, մաքուր և կեղտոտ գոտիներ, աշխատակիցների համար սանիտարական զոնա, որտեղ պետք է մինչև մորթն իրականացնելը կարողանան լողանալ, արտահագուստը փոխել, պետք է լինի կոյուղահոր:
Մեկնաբանություններ