Կարևոր իրադարձություններ

Թաիլանդի մայրաքաղաքում մի շարք պայթյուններ են որոտացել (լուսանկարներ)

02 Օգոստոս, 2019 10:53
Թաիլանդի մայրաքաղաքում մի շարք պայթյուններ են որոտացել (լուսանկարներ)

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի կենտրոնական շրջաններում մի շարք պայթյուններ են որոտացել, հաղորդում է The Mirror-ը:

Առաջին 3 պայթյունները տեղի են ունեցել մեկը մյուսի հետևից՝ 5-7 րոպե տարբերությամբ: Առաջին պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել Պրատու Նամ շրջանի փողոցներից մեկի անկյունում, քաղաքապետարանի աղբահանության ծառայության 2 աշխատակից է տուժել: Հայտնի է, որ ինքնաշեն պայթուցիկ սարքը թաքցված է եղել չոր տերևների կույտի մեջ:



Պրատու Նամ շրջանում է տեղակայված Centara Grand հյուրանոցը, որտեղ այս շաբաթ հանդիպումներ են անցկացվում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (АSEАN) անդամ երկրների նախարարների միջև, ինչպես նաև անց են կացվում Արևելաասիական և Անվտանգության տարածաշրջանային գագաթնաժողովները, որոնցում АSEАN-ի անդամ երկրների արտգործնախարարներից բացի մասնակցում են նաև պատվիրակություններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Եվրամիությունից և այլ երկրներից:

Եվս երկու պայթյուն տեղի է ունեցել մետրոյի կայարանում՝ այն թաղամասում, որտեղ տեղակայված են որոշ բանկերի գլխամասերը և մի շարք դեսպանատներ: Պայթյունների հետևանքով ոչ ոք չի տուժել: Շատ չանցած 2 այլ պայթյուն է որոտացել կառավարական շենքերի համալիրի շրջակայքում:

Մյուս պայթյունները որոտացել են Թաիլանդի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքի, մայրաքաղաքի հյուսիսային սահմանին տեղակայված կառավարական շենքերի գլխավոր համալիրի մոտ:

Պայթյուններից մեկի վայրում ոստիկանները երկու կասկածելի առարկաներ են հայտնաբերել, որոնք կարող են ինքնաշեն պայթուցիչ սարքեր լինել: 

Նախօրեին Թաիլանդի ազգային ոստիկանության գլխավոր վարչության տարածքում՝ АSEАN-ի միջոցառումների անցկացման վայրից 500 մ հեռավորության վրա, երկու կեղծ պայթուցիկ սարք էր հայտնաբերել, որոնք թղթե փաթեթավորում են ունեցել: Ոստիկանությունը ժամեր անց ձերբակալել էր կեղծ սարքերի հետ առնչություն ունեցող անձանց:

Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան Օչան խստորեն դատապարտել է այս առավոտ մայրաքաղաքում որոտացած պայթյունները և խոստացել արագ գտնել մեղավորներին:

 

Լրահոս

Դիտել ավելին