Կարևոր իրադարձություններ

Եթե անգամ կոնվենցիան վավերացվի, միեւնույն է, Հայաստանում չի գործի. «Առավոտ»

01 Օգոստոս, 2019 09:35
Եթե անգամ կոնվենցիան վավերացվի, միեւնույն է, Հայաստանում չի գործի. «Առավոտ»

«Առավոտն» իր խմբագրականում գրում է. «Ստամբուլյան կոնվենցիան կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին է։ Հայաստանում, սակայն, Եվրոպայի խորհրդի այդ փաստաթղթի շուրջ քննարկումը շեղվել է բուն թեմայից եւ ձեռք է բերել «ազգապահպան» բնույթ։ Շատերը համոզված են, որ եթե կոնվենցիան վավերացվի, մեր ազգը եւ պետությունը կկործանվեն։

Ինչպես հայերի մեծամասնության, այնպես էլ անձամբ ինձ համար ընտանիքը կնոջ եւ տղամարդու միության արդյունք է, այդպես է գրված նաեւ Սահմանադրության մեջ, եւ ցանկացած օրենք կամ կոնվենցիա, որը կհակասի այդ թեզին, անընդունելի է թե՛ իրավական եւ թե՛ բարոյական տեսանկյունից

Իհարկե, կան այլ ազգեր, այլ երկրներ, որտեղ մեծամասնությունն ընտանիքի մասին այլ պատկերացում ունի։ Ես դա չեմ համարում այլասերվածաթյուն պարզապես այլ մշակույթի դրսեւորում է։ Մեկը քրիստոնյա է, մեկը բուդիստ, մի տեղ ընդունված է, որ կանայք հիջաբ կրեն, մի տեղ ընդունված չէ, որոշ երկրներում սիրում են տապակած ծղրիդ ուտել, այլ երկրներում չեն սիրում։

Եվ ի՞նչ։ Մենք կարո՞ղ ենք ասել, որ մեկը ճիշտ է, մյուսը սխալ, մեկը լավ է, մյուսը վատ։ Ամեն մի ազգ ապրում է իր պատկերացումներով, իսկ մեր, հայերիս, պատկերացումն ընտանիքի մասին հստակ է։

Բայց թող որեւէ մեկն ինձ ցույց տա Ստամբուլյան կոնվենցիայում որեւէ կետ, որը խոսում է միասեռական ամուսնությունների կամ «երրորդ սեռի» մասին։ Այդ գոյություն չունեցող կետերը հնարել են մարդիկ, որոնք այդ կոնվենցիան չեն կարդացել, պարզապես լսել են ինչ-որ «ազգափրկիչ» խոսակցություններ։

Մարդիկ տեսնում են ինչ-որ ակնարկներ, ինչ-որ տողատակեր։ Օրինակ, ասվում է՝ քանի որ կոնվենցիայում խոսվում է ոչ թե ամուսինների, այլ զուգընկերների մասին, ուրեմն զուգընկերները կարող են լինել երկու կին եւ երկու տղամարդ։ Ես, ճիշտն ասած, այստեղ նման խնդիր չեմ տեսնում։ Շատ ավելի հավանական է, որ խոսքը զագսավորված եւ չզագսավորված զույգերի մասին է։ Հայաստանում կոմունիստների ժամանակ կային եւ հիմա էլ կան հարյուրավոր նորմալ ընտանիքներ, որտեղ ծնողները երեխաներ են դաստիարակում, բայց իրենց հարաբերությունները պաշտոնապես չեն գրանցել։ Նրանք, իրավական առումով, զուգընկերներ են:

Կամ ասում են՝ կոնվենցիայում կա sex հասկացությանը, այսինքն՝ սեռ ֆիզիկական առումով, բայց կա նաեւ gender-ը՝ սեռի հոգեբանական, սոցիալական ընկալումը։ Բայց չեմ կարծում, որ ընտանեկան բռնության տեսանկյունից այդ նուրբ խնդիրը որեւէ կարեւորության ունի։ Սակայն ենթադրենք՝ այդ կոնվենցիայում կան այդ բոլոր խութերը։ Այդ դեպքում կարելի է կոնվենցիան վավերացնել վերապահումներով կամ ընդհանրապես չվավերացնել՝ ինչպես ասում են, հեղափոխությունը դրանից չի տուժի։

Բայց եթե անգամ կոնվենցիան վավերացվի, այն, միեւնույն է, Հայաստանում չի գործի, որովհետեւ ոչ մի միջազգային փաստաթուղթ չի կարող հաղթահարել մեր տղամարդկանց «քյարթուությունը»՝ «իմ կնիկն ա, իմ երեխեն ա, կուզեմ՝ կչռփեմ, կուզեմ՝ քացու տակ կքցեմ»։ Ընտանեկան բռնության Հայաստանում չի լինի միայն այն դեպքում, երբ տղամարդիկ կհասկանան՝ եթե սիրում ես կնոջը, նրան պետք է փայփայել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին