Կարևոր իրադարձություններ

ԱԽ-ն կմշակի ազգային անվտանգության նոր ռազմավարություն

26 Հուլիս, 2019 12:16
ԱԽ-ն կմշակի ազգային անվտանգության նոր ռազմավարություն

ՀՀ անվտանգության խորհուրդն Ազգային անվտանգության նոր ռազմավարություն կմշակի:

Այս մասին հուլիսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Գործող ռազմավարությունն ընդունվել է 12 տարի առաջ, որից հետո Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում հիմնարար փոփոխություններ են տեղի ունեցել: 2007 թ. ի վեր Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում զարգացման նոր միտումներ են արձանագրվել: Տեղի է ունեցել ռուս-վրացական պատերազմը` սրելով այդ երկրների միջև հարաբերությունները: Իրան-ԱՄՆ լարված հարաբերություններով պայմանավորված՝ մեր սահմանակից Իրանի համար առաջացել են պատժամիջոցները հաղթահարելու նոր խնդիրներ: Մերձավորարևելյան տարածաշրջաններին վերաբերող հիմնահարցերը ենթարկվել են էական փոփոխությունների: Մեզ համար լրջագույն խնդիր է` բացառել դեռևս հարկ եղած գնահատականների չարժանացած 2016 թ. ապրիլյան իրադարձությունների կրկնությունը: 2018 թ. Հայաստանում արձանագրվել են հիմնարար փոփոխություններ, մեծ փոփոխությունների է ենթարկվել Հայաստանի տնտեսական ինտեգրման քաղաքականությունը: Հայաստանը դարձել է ԵԱՏՄ անդամ, ինչպես նաև ԵՄ-ի հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,- ասաց Գրիգորյանը:

Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, որ այս փոփոխությունների հետ մեկտեղ կան իրողություններ, որոնք մնացել են անփոփոխ:

«Հայաստանի գլխավոր մարտահրավերները շարունակում են մնալ Արցախյան հիմնահարցի շուրջ գոյություն ունեցող գործընթացները` փոխզիջումների ճանապարհով հիմնահարցը լուծելու վերաբերյալ Ադրբեջանի մերժողական քաղաքականության պատճառով: Շարունակում է փակ մնալ նաև հայ-թուրքական սահմանը»,- նշեց Արմեն Գրիգորյանը:

Նա ընգծեց, որ անհրաժեշտ է ձևավորել մի փաստաթուղթ, որը կլինի ճկուն և կարձագանքի մեր երկրում, տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող զարգացումներին:

 

Լրահոս

Դիտել ավելին