Կարևոր իրադարձություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Հնդկաստան բուժման մեկնող զինվորականներին

22 Հուլիս, 2019 16:23
Հեղինակ՝ Վահրամ Քահանա Մելիկյան
Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց  Հնդկաստան բուժման մեկնող զինվորականներին

Վահրամ Քահանա Մելիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց 

Հնդկաստան բուժման մեկնող զինվորականներին

Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տարբեր ժամանակահատվածներում հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած վեց զինվորականների, ովքեր առաջիկային կմեկնեն Հնդկաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջույթների պրոթեզավորումը:

Հանդիպման սկզբում ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հայցեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը բուժման մեկնող հայորդիների հերթական խմբի համար` կարևոր նկատելով այն զորակցությունը, որ Մայր Աթոռը տարբեր ծրագրերի միջոցով ցուցաբերում է Հայոց բանակին և հայ զինվորին:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերելով զինվորականներին՝ նշեց, որ յուրաքանչյուր հայի համար հպարտություն է տեսնել ազգի զավակների` հայրենիքը սեփական կյանքի գնով պաշտպանելու պատրաստակամությունը: Նորին Սրբությունը հաստատեց, որ Հայոց Եկեղեցու զորակցությունը արժանի գնահատանքն է հայոց հողի պաշտպանության նվիրական գործին իրենց կյանքն ընծայած հայորդիներին:

Վեհափառ Հայրապետը նաև նշեց, որ Մայր Աթոռի և Հնդկաստանի հայ համայնքի կողմից իրականացվող` վիրավորված զինվորների պրոթեզավորման այս ծրագիրը շարունակական է լինելու:

Իրենց հերթին զինվորականները երախտագիտություն հայտնեցին Հայոց Հայրապետին հոգածու վերաբերմունքի համար, պատասխանեցին նաև իրենց կյանքի և ծառայության վերաբերյալ Նորին Սրբության հարցերին:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց զինվորականներին` մաղթելով, որ Ամենակալ Տերը պարգևի նրանց ուժ և եռանդ հայրենանվեր ծառայությունը խաղաղության մեջ շարունակելու համար»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին