Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանը Բոստոնում հանդիպել է հայ համայնքի հետ

22 Հուլիս, 2019 13:55
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյանը Բոստոնում հանդիպել է հայ համայնքի հետ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Բոստոնում հայ համայնքի հետ հանդիպմանը ասել եմ, որ ավելի քան երկու տասնամյակ տևած տնտեսական անցումային շրջանից հետո Հայաստանը ակնհայտ մարտահրավեր ունի` առաջանցիկ տեմպերով բարելավելու տնտեսության #արտադրողականությունը և մրցունակությունը։ Այս նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանում առանցքային դեր է խաղալու մարդկային ներուժի շարունակական զարգացումը, հետևապես` կառավարության առաջնահերթությունն է կրթության, գիտության և առողջապահական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացումը, դրանք առավել #մարդակենտրոն դարձնելը։

Նշել եմ, որ ժամանակակից աշխարհում որևէ երկիր չի կարող հասնել կայուն զարգացման բարձր մակարդակի առանց գիտելիքների և տեխնոլոգիաների ու մարդկային ներուժի զարգացման, և կառավարությունն առավելագույնս նպաստելու է նորարարական գաղափարների ու #նախաձեռնությունների իրականացմանը։ Համոզմունք եմ հայտնել, որ հայության ստեղծարար ներուժը ունակ է բավարարելու ոչ միայն մեր, այլև միջազգային հանրության կարիքները, և կարող ենք արժեք ստեղծել ամբողջ աշխարհի համար:

Ընդգծել եմ, որ վերոնշյալ նպատակների հասնելու համար պետք է ներգրավել աշխարհասփյուռ հայությանը տաղանդն ու եռանդը: Այս առումով կառավարությունն ակնկալում է #Սփյուռքի զգալի մասնակցությունը երկրում ընթացող տնտեսական բարեփոխումներին և մտադիր է Հայաստան-Սփյուռք գործընկերությանը հաղորդել նոր որակ:

Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պահանջելու են համբերատար և հստակ քայլեր ենթադրող քաղաքականություն, որը ներառելու է տնտեսական և գործարար կապերի ամրապնդում Հայաստանի և Սփյուռքի միջև, #հայրենադարձության կազմակերպման ծրագրերի մշակում, այդ թվում մասնագիտական հայրենադարձության, սփյուռքի #ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտություններ և ներգրավում, հայկական միջավայրից հեռացած շրջանակներին՝ մասնավորապես երիտասարդությանը դեպի համայնքային կյանք ներգրավումը խթանող, Հայաստանը և հայկականությունը գրավիչ դարձնող աշխատանքների իրականացում:

Բոստոն այցի ընթացքում ծաղիկներ եմ խոնարհել Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին»:

 

Լրահոս

Դիտել ավելին