Կարևոր իրադարձություններ

Արցախը հին Հայաստանի մասն է. ուկրաինացին պատմել է իր «համեղ» ճանապարհորդության մասին

21 Հուլիս, 2019 00:19
Արցախը հին Հայաստանի մասն է. ուկրաինացին պատմել է իր «համեղ» ճանապարհորդության մասին

Ուկրաինական «Համալսարանական գիրք» հրատարակչության տնօրեն Ռոդիոն Կոչուբեյը, ոգեշնչված հայ ընկերոջ պատմություններով, եղել է Հայաստանում և այցելել է Արցախ:

Պատմելով իր հունիսյան այցելության մասին՝ Կոչուբեյը նշել է, որ 10 օրվա ընթացքում հասցրել է լինել Հայաստանի «ամենահամեղ»՝ այդ բառի բուն իմաստով, վայրերով:

«Սկզբում մենք եղանք Ծափաթաղ գյուղում՝ իմ ընկերոջ բարեկամների տանը: Դա Սևանա լճի արևելյան հատվածում է, Ադրբեջանի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այստեղ ես համտեսեցի մածուն՝ յոգուրտի համարժեքը, տնական պանիր, հայկական խոզի մսով խորոված և, իհարկե, տեղական թունդ խմիչքներ՝ ծիրանի և խնձորի 57 տոկոսանոց օղի»,- պատմել է ճանապարհորդը ուկրաինական «Նոր ժամանակ» պարբերականին:

Այնուհետև Ռոդիոնը ընկերոջ հետ Արցախ է մեկնել: Նա ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունը հայերի համար մեծ նշանակություն ունի.չէ՞ որ Արցախը հին Հայաստանի մասն է:

«Արցախում մենք եղանք լեռնային Դադիվանք վանական համալիրում, Ստեփանակերտում և Շուշիում: Շուշիում հենց ամրոցում ռեստորան կա, որտեղ համեղ մածուն են պատրաստում կանաչիով և վարունգով, հետն էլ ավանդական ղարաբաղյան լավաշ հաց են մատուցում», - պատմել է Ռոդիոնը:

Արցախից հետո Կոչուբեյը այցելել է քարանձավային Խնձորեսկ քաղաք, եղել Տաթևում, որտեղ գտնվում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին, ապա՝ գինի է համտեսել Արենիում:

Իր ճանապարհորդության վերջին օրերը Կոչուբեյն անցկացրել է Երևանում, որտեղ զմայլվել է հայերի սրբազան Արարատ լեռան բնապատկերով:

 

Լրահոս

Դիտել ավելին