Կարևոր իրադարձություններ

20 դատապարտյալ մասնակցել է շախմատային մրցաշարի եզրափակիչ փուլին

20 Հուլիս, 2019 17:20
20 դատապարտյալ մասնակցել է շախմատային մրցաշարի եզրափակիչ փուլին

Այսօր՝ հունիսի 20-ին՝ շախմատի միջազգային օրը, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության և ՀՀ շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպվեց արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին «Արմավիր», «Հրազդան», «Սևան», «Արթիկ», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկների՝ լավագույն խաղացող դատապարտյալները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

 

Մինչ խաղի մեկնարկը, բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ հայ շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն, շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, որը նախ շնորհակալություն հայտնեց Քրեակատարողական ծառայության վարչակազմին՝ խաղը կազմակերպելու և իրենց օժանդակելու համար, այնուհետ մաղթեց խաղի բոլոր մասնակիցներին հաղթանակ:

Շախմատային մրցաշարն անցկացնում էր միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը: Միջոցառմանը մասնակցում էր 20 դատապարտյալ: Բավական թեժ և գրագետ մրցավազքից հետո «Արթիկ» ՔԿՀ-ից դատապարտյալ Գոռ Աջամյանը նվաճեց 1-ին հորիզոնականը, «Արմավիր» ՔԿՀ-ից համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին դատապարտյալներ Արսեն Բազոյանը և Հակոբ Մարտիրոսյանը, 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ժորա Նադարյանը:

 

Նշենք, որ հաղթանակած վերոնշյալ 4 ուժեղագույններն օգոստոսի 5-ին և 6-ին հնարավորություն կունենան մասնակցելու օնլայն իրականացվող միջազգային առաջնությանը, որը կազմակերպվելու է շախմատային 8 հզոր երկրների՝ Բրազիլիայի, ՌԴ, Անգլիայի, ԱՄՆ, Իտալիայի, Իսպանիայի, Բելառուսի, Հայաստանի   քրեակատարողական հիմնարկների ուժեղագույն շախմատիստ դատապարտյալների միջև:  Առաջնությունը տեղի է ունենալու «Արմավիր» ՔԿՀ-ում: Մինչ առաջնությունը, եզրափակչի հաղթողների հետ պարբերաբար աշխատելու են Շախմատի ֆեդերացիայի վարպետները՝ նախապատրաստելու համար խաղի օնլայն ձևաչափին:

 

Լրահոս

Դիտել ավելին