Կարևոր իրադարձություններ

Ստամբուլյան կոնվենցիան այնքան սարսափելի բան չէ, ինչքան քննարկվում է. Լուսինե Բադալյան

20 Հուլիս, 2019 17:04
Ստամբուլյան կոնվենցիան այնքան սարսափելի բան չէ, ինչքան քննարկվում է. Լուսինե Բադալյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ վերջնական քննարկում չի անցկացրել, սակայն խմբակցության առանձին պատգամավորներ ուսումնասիրում են կոնվենցիան, հատկապես խնդրահարույց կետերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

 

 «Խմբակցությունում վերջնական քննարկում չենք ունեցել, ուսումնասիրման փուլում է: Մենք հիմա ուսումնասիրում ենք այն կետերը, որոնք որոշ անձինք համարում ենք հակասահմանադրական կամ վտանգավոր: Խնդրահարույց կետերն ուսումնասիրում ենք, որպեսզի վերջում քննարկենք ու հասկանանք, թե ինչ ենք ուզում»,- ասաց Բադալյանը։

Նա շեշտեց՝ կոնվենցիայի վերաբերյալ հնչող բոլոր մտահոգությունները պետք է քննարկվեն: Սակայն պատգամավորը նկատեց նաև, որ կոնվենցիան այնքան սարսափելի բան չէ, ինչքան քննարկվում է:

Բադալյանի կարծիքով՝ չպետք է հետևեն որևէ երկրի օրինակի: «Չնայած, որ պետք է աշխարհին համընթաց քայլենք, սակայն ունենք մեր ուրույն ճանապարհը:  Մենք պետք է ինքնուրույն նայենք, տեսնենք, թե Ստամբուլյան կոնվենցիայում ինչ կետեր կան: Կան կետեր, որոնք իսկապես շատ լավն են, կան կետեր, որոնք խնդրահարույց են: Հիմա մենք պետք է ծանր ու թեթև անենք ու հասկանանք, թե ինչ ենք ուզում»,-ասաց նա ու հավելեց՝ պետք է հասկանան՝ կոնվենցիան երկրի առաջընթացի, հասարակության կայացման հարցում կօգնի, թե կխանգարի:

Նա նշեց՝ չի լինի այնպես, որ կոնվենցիան վավերացնելու համար ինչ-որ բան զիջեն, հետքայլ անեն:

Հիշեցնենք, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում, տարբեր հարթակներում ակտիվորեն քննարկվում է Ստամբուլյան կոնվենցիան հնարավոր շրջանառության մեջ դնելու և ընդունելու հարցը: Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, Ստամբուլյան կոնվենցիան շրջանառության մեջ դրված չէ, այն կառավարությունում պաշտոնապես քննարկման դրված չէ: Խմբակցությունը նախատեսում է շատ խորքային և մանրամասն քննարկում ծավալել խմբակցության ներսում, որից հետո փաստաթղթի առանձին դրույթների վերաբերյալ կունենա ձևավորված դիրքորոշում, կհայտնի իր տեսակետը:

 

Լրահոս

Դիտել ավելին