Կարևոր իրադարձություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ արդարադատության նախարարին

19 Հուլիս, 2019 18:01
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ արդարադատության նախարարին

Հուլիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Վեհափառ Հայրապետը ողջունել է նախարարի առաջին այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության կարևոր առաքելությանը երկրի օրինավոր և բարօր կյանքի կերտման գործում:

Նորին Սրբությունը նախարարին մաղթել է արդյունավոր գործունեություն և հաջողություններ իր ծառայության մեջ: Զրույցի ընթացքում խոսվել է ընդհանուր մարտահրավերների և հանրության մեջ օրենսդրության առնչությամբ անհանգստություն առաջացնող հարցերի մասին: Մասնավոր քննարկման առարկա է դարձել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:

Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից առաջ քաշված մտահոգությունների, ՀՀ արդարադատության նախարարը և նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը փաստաթղթի առնչությամբ ներկայացրել են իրենց դիտարկումները:

 

Լրահոս

Դիտել ավելին