Կարևոր իրադարձություններ

Քննարկվել է Հայաստանի 9 դպրոցներում անգլերենի ուսուցման ակումբների ծրագիրը

17 Հուլիս, 2019 16:58
Քննարկվել է Հայաստանի 9 դպրոցներում անգլերենի ուսուցման ակումբների ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բրիտանական խորհրդի կրթության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Էվերիտին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում Բրիտանական խորհրդի հետ համատեղ իրականացված ծրագրերն ու համագործակցության զարգացման առաջիկա քայլերը: «Կարևորելով ԿԳՄՍ նախարարության և Բրիտանական խորհրդի շարունակական համագործակցությունը` նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն անդրադարձել է 2019 թվականի հունվարին տեղի ունեցած Կրթության համաշխարհային ֆորումի շրջանակում քննարկված մի շարք հարցերի:

Մասնավորապես առանձնացվել է Հայաստանի 9 դպրոցներում անգլերենի ուսուցման ակումբների ծրագիրը, որը ներառում է դպրոցներում ակումբների բացում, կահավորում, համապատասխան ուսումնական նյութերի ապահովում, ինչպես նաև այդ ակումբներում  դասավանդող ուսուցիչների վերապատրաստում:

Բրիտանական խորհրդի հետ հետագա համագործակցության համատեքստում կողմերն անդրադարձել են հայ-բրիտանական  կրթական կապերի  ընդլայնմանը`  կրթության բոլոր մակարդակներում: Մասնավորապես քննարկվել է համատեղ ֆորումի կազմակերպման հարցը, որի ընթացքում ստեղծարար արդյունաբերության և կրթության ոլորտների ներկայացուցիչները  կհամախմբվեն մեկ պլատֆորմի շուրջ` հնարավորություն տալով տնտեսվարողներին և գործատուներին մասնակից դառնալ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների  կրթական ծրագրերում աշխատաշուկայի կարիքներին միտված պահանջների ձևավորմանը:

Նախատեսվում է նաև Հայաստան-Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն կրթական երկխոսության կազմակերպում, որի շրջանակում կքննարկվեն ոլորտային համագործակցության զարգացման նոր հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: 


 

Լրահոս

Դիտել ավելին