Կարևոր իրադարձություններ

Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների ճառագայթային բուժումը՝ պետպատվերով

17 Հուլիս, 2019 14:05
Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների ճառագայթային բուժումը՝ պետպատվերով

Պետությունը բարեփոխումներ է իրականացրել ճառագայթային բուժման ծառայությունում: Հաստատված   չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող  հիվանդների  համար, անկախ սոցիալական վիճակից, ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով,  TERAGAM ճառագայթային սարքով և  ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով ամբողջությամբ կիրականացվի պետական պատվերի շրջանակում:

 Մինչ բարեփոխումները,  հաստատված   չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող  հիվանդների համար ճառագայթային բուժումը, բացառությամբ    բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված  անձանց և մինչև 18 տարեկան երեխաների, իրականացվում էր համավճարային սկզբունքով: Նշված անվճար և համավճարային սկզբունքով ճառագայթային բուժումը պետական պատվերի շրջանակներում իրականացվում էր  միայն TERAGAM ճառագայթային սարքով և ներխոռոչային սարքերով, իսկ նորագոյացությունների ճառագայթային բուժումը՝  էլեկտրոնային արագացուցիչներով (VARIAN և ELEKTA սարքերով): Ընդ որում, այդ սարքերով բուժումն իրականացվում էր միայն ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուների,  Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց,  ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձանց,  բռնադատվածների համար: Այդ սարքերով բուժումն իրականացվում էր նաև Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցների, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց,  ձերբակալվածների, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածների և  մինչև 7 տարեկան երեխաների համար:

 Հուլիսի 4-ին իրականացված բարեփոխումներից հետո հաստատված   չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող  հիվանդների  համար ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով,  TERAGAM ճառագայթային սարքով և  ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով՝ իրականացվում է  ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում՝ անկախ հիվանդի սոցիալական կարգավիճակից: Ընդլայնվել է նաև նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկում ընդգրկված 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով (այդ թվում՝ VARIAN սարքով)  պետական պատվերի շրջանակում  ճառագայթային բուժման իրավունք ունեցող շահառուների շրջանակը: Ընդ որում, առաջին կետում թվարկված շահառուների ցանկում երեխաների տարիքային շեմը  7 տարեկանից բարձրացել  է մինչև  18:

 

Բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում  ընդգրկված  անձանց համար պետական պատվերով  անվճար իրականացվում է նաև բարորակ ուռուցքային հիվանդությունների ճառագայթային բուժումը, իսկ ցանկում չընդգրկված անձանց համար այն իրականացվում է վճարովի սկզբունքներով:

Առողջապահության նախարարի հրամանով վերանայվել և բարձրացվել են նաև պետության կողմից փոխհատուցվող ճառագայթային բուժման գները՝  մեկ սեանսի համար 3550 ՀՀ դրամից TERAGAM ճառագայթային սարքով  բուժումը դարձել է  9500 դրամ, իսկ ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով՝ 13500 ՀՀ դրամ, ներխոռոչային բուժումը ՝ 9000-ից  դարձել է 18800 ՀՀ դրամ:

Արդյունքում ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար ճառագայթային բուժումն առավել հասանելի և մատչելի է դառնում, որի արդյունքում կբարելավվեն ուռուցքաբանական հիվանդների ապրելիության, հիվանդացության, մահացության առողջապահական ցուցանիշները, կթուլանա տվյալ ոլորտում սոցիալական լարվածությունը, կնվազեն քաղաքացիների ուղղակի վճարները, ինչը դրական ազդեցություն կունենա հիվանդների կյանքի  որակի վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին