Կարևոր իրադարձություններ

Ինչ մասնագիտություններ են նախընտրել այս տարի դիմորդները

16 Հուլիս, 2019 15:46
Ինչ մասնագիտություններ են նախընտրել այս տարի դիմորդները

Այս տարի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից ունեցանք ավելի շատ անբավարար գնահատականներ՝ քննություն հանձնողների 19.6 տոկոսը: Այս մասին ասուլիսի ժամանակ նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ նշելով, որ դա փոքր ցուցանիշ չէ։

«Պատճառները տարբեր են, մի կողմից՝ հայոց լեզու առարկայի դասաժամերն են կրճատվել: Ուսուցիչը երբեմն ստիպված է լինում բարդ թեման կարճ ժամկետում անցնել»,- ասաց Նասիբյանը։

Նրա կարծիքով՝ անհրաժեշտություն կա ուշադրություն դարձնել հայոց լեզվի իմացությանը:

«Այսօր քննական արդյունքները ցույց են տալիս, որ մեր դիմորդները օտար լեզուներից ավելի շատ են բարձր գնահատական ստացել, քան հայերենից: 4540 դիմորդից հայոց լեզու և հայ գրականություն առարկայից բացասական գնահատական է ստացել 1162-ը»,- ասաց ԳԹԿ փոխտնօրենը:

Նասիբյանը թվարկեց նաև դիմորդների շրջանում պահանջված մասնագիտությունների ցանկը։

«Այս տարի առաջին անգամ թափուր տեղ ունեցանք Տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառում մասնագիտությունից: Տնտեսագիտության գծով հետաքրքրության պակաս նկատվում է նաև մյուս բուհերի դեպքում: Կարծես թե, ավանդական դարձած ուղղությունը՝ տնտեսագիտությունը, նահանջում է: Փոխարենը դիմորդների շրջանում մեծ հետաքրքրություն ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները, օտար լեզուները: Լեզվաբանական համալսարանում մրցակցությունը բավական բարձր էր»,-ասաց Նասիբյանը:

Իրավագիտական մասնագիտությունների ուղղությամբ միտումները նույնն են: Մտահոգիչ ցուցանիշներ կան ֆիզիկայի, քիմիայի հետ կապված: Այս գծով մասնագիտությունների ֆակուլտետները թերբեռնված են:

ԳԹԿ փոխտնօրենը կարծում է, որ այն դիմորդները, ովքեր բժշկական համալսարան են դիմել ու մրցույթից դուրս են մնացել, նրանք կդիմեն և կենսաբանական ֆակուլտետները կլրացվեն:

 

Լրահոս

Դիտել ավելին