Կարևոր իրադարձություններ

Կլիմայի փոփոխության հետևանքով Սևանա լիճը կորցնելու վտանգ կա. Տիգրան Ավինյան

16 Հուլիս, 2019 12:43
Կլիմայի փոփոխության հետևանքով Սևանա լիճը կորցնելու վտանգ կա. Տիգրան Ավինյան

Կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանա լճին: Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակում տեղի ունեցած համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, գրում է ՌԻԱ Նովոստին: Ավինյանի խոսքով՝ կլիմայի փոփոխությունը կտրուկ կանդրադառնա Հայաստանի լանդշաֆտի վրա:

«Կլիմայի փոփոխությունից ամենաշատը տուժել է Սևանա լիճը: Ջերմաստիճանի բարձրացումը ստեղծել է մի իրավիճակ, երբ Սևանը որպես լիճ կորցնելու հեռանկար կա»,- փոխվարչապետը: Նա նշել է, որ ներկայում Հայաստանի իշխանությունները փորձում են խնդրի լուծման ուղիներ գտնել: «Եվ, առաջին հերթին, մենք փորձում ենք լճի մակարդակը բարձրացնել շուրջ 6 մետրով, ինչը նշանակում է, որ մեզ լճում ավելի շատ ջուր է անհրաժեշտ»,- ասել է Ավինյանը՝ հավելելով, որ դրա շնորհիվ սառը ջրի մակարդակն ավելի ցածր կլինի, ինչը թույլ կտա, գոնե մոտ ապագայում, Սևանը որպես լիճ պահպանել:

«Կարծում եմ՝ Հայաստանում երկար ժամանակ չէին մտածում կլիմայի փոփոխության մասին, մինչև այն հարվածեց երկրի հենց սրտին: Հիմա մենք հասկանում ենք, որ դա շատ լուրջ հարց է: Բնապահպանական խնդիրները, ցավոք, անդառնալի ազդեցություն ունեն: Հետևաբար, մենք հիմա մեծ ուշադրություն ենք դարձնում այդ հարցերին»,- ընդգծել է ՀՀ փոխվարչապետը: Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 15-20-ն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է: Այցի ընթացքում նախատեսվում է նրա հանդիպումները Նյու Յորքի և Բոստոնի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: 


 

Լրահոս

Դիտել ավելին