Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,02
    7,22

Կարևոր իրադարձություններ

 

«Ժամանակ». Նոր իրավիճակ՝ Վենետիկի հանձնաժողովի շուրջ. Երևանը կփոխի՞ նոր ստատուս-քվոն

16 Հուլիս, 2019 09:34
«Ժամանակ». Նոր իրավիճակ՝ Վենետիկի հանձնաժողովի շուրջ. Երևանը կփոխի՞ նոր ստատուս-քվոն

«Ինքնին այն, որ վարչապետի հայտարարության մասին ազդարարում է ոչ թե կառավարության մամուլի ծառայությունը կամ վարչապետի խոսնակը, այլ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պարզաբանում-հայտարարությունը, արդեն իսկ հետաքրքիր է: Արդյոք դա ազդարարո՞ւմ է, որ վարչապետ Փաշինյանն անելու է իրավիճակի հանգուցալուծման որևէ տարբերակի վերաբերյալ հայտարարություն, թե՞ խոսքը ընդամենը Վենետիկի հանձնաժողովի հետ հարաբերությանն առնչվող որևէ դիրքորոշման մասին է: Բոլոր դեպքերում մի բան ակնառու է, որ, իհարկե, լուծման «բանալին» վարչապետ Փաշինյանի մոտ է, թերևս այն պարզ պատճառով, որ հենց նա է մայիսի 20-ի իր ելույթով, այսպես ասած, բացել դուռը, հանել խնդիրը արկղից: Հետևաբար ենթադրվում է, որ նա այդ ամենն անելով՝ պատկերացնում էր նաև որևէ լուծում, կամ լուծման մի քանի տարբերակ տարբեր իրավիճակների համար, այդ թվում նաև Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատանքի:

Ընդհանրապես, այդ իմաստով Հայաստանում ստեղծվել է իրապես աննախադեպ իրավիճակ: Բանն այն է, որ Վենետիկի հանձնաժողովը մինչև թավշյա հեղափոխությունը Հայաստանի հետ աշխատանքում, այսպես ասած, ավելի լավ հարաբերություն ուներ իշխանության, քան ընդդիմադիր ուժերի հետ: Ի վերջո, իշխանության իրավական լուծումները վերջին հաշվով ստանում էին Վենետիկի հավանությունը: Ներկայումս ստացվում է, որ նախկին իշխանություն-ներկայիս «ընդդիմությունն» ավելի «մոտ» է Վենետիկին և կա որոշակի փոփոխություն՝ իշխանությունը ներկայումս ունի Վենետիկի հանձնաժողովի հետ գործակցված աշխատանքային մեխանիզմների ձևավորման և բյուրեղացման անհրաժեշտություն: Ակնառու է, որ նախկին իշխանության շրջանակներն օգտագործելու են հանձնաժողովի հետ աշխատանքի իրենց նախկին տարաբնույթ փորձն ու մեխանիզմները իրենց, այսպես ասած, քաղաքական նպատակների համար, այդ թվում, բնականաբար, առաջնային նպատակ ունենալով հանձնաժողովը դարձնել իշխանության նկատմամբ ճնշման հարթակ: Իսկ հաշվի առնելով այն, որ Հայաստանի նոր իրավիճակը ենթադրելու է մի շարք ռեֆորմներ իրավական, օրենսդրական գործիքակազմում, ընդ որում հիմնարար՝ ընդհուպ անշուշտ նաև Սահմանադրության փոփոխություն, հնարավոր է պատկերացնել, թե ինչ հեռանկարի մասին է խոսքը:

Միաժամանակ, գնալ Վենետիկի մերժման ճանապարհով, Հայաստանի իշխանությունը թերևս չի կարող՝ հաշվի առնելով այն, որ ընդհանրապես Հայաստանի համար ժողովրդավարական իմիջը ռազմավարական ռեսուրս է և այն ունի ընդհուպ ռազմա-քաղաքական ահռելի նշանակություն: 

Այդպիսով, ՍԴ պատմությունն ընդամենը մի դրվագ է, որը արտացոլում է առավել լայն խնդրի հավանականությունը, որը, իհարկե, ամենևին ոչ ճակատագրական կամ բեկումնային, բայց մարտահրավեր է նոր իրավիճակում, որը պահանջելու է սկզբունքային, հայեցակարգային լուծումներ հետհեղափոխական հնարավոր «ստատուս-քվոն» փոխելու և Վենետիկի հանձնաժողով-իշխանություն գործակցությունը նախկին իշխանության ազդեցությունից ապահովագրելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին